Մատչելիության հղումներ

«Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հանձնախմբի» նպատակն է իրավական որոշում ձեռք բերելը


Ուրուգվայում ստեղծված «Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հանձնախմբի» նպատակն է «ձեռք բերել իրավական արժեք ունեցող մի որոշում, որը լինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով 1965-ից Ուրուգվայում սկսված գործընթացի վերջակետը»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հանձնախմբի անդամ, պատմաբան Ժերարդո Գաետանոն:

Գաետանոն բարձր գնահատեց Ուրուգվայի արտգործնախարար Գոնզալո Ֆերնանդեսի` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արած հայտարարությունը, թե «Ուրուգվայի պետությունը դատապարտում է բոլոր ցեղասպանությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը, որն ամենահայտնի գենոցիդներից մեկն է»:

Ժերարդո Գաետանոն ընդգծեց, որ Ուրուգվայը պետք է ընդունի նոր օրենք, բայց ավելի հաստատուն, որում պետք է նշվի, որ հայերի հետ ցեղասպանություն է տեղի ունեցել, եւ որը պետք է «իրավական կոմպրոմիս հանդիսանա Ուրուգվայի պետական բոլոր հաստատությունների համար»:

Մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` ապրիլի 24-ին Փարիզում արած հայտարարությունները գիտակցված հիշողության եւ հաշտության մասին` Գաետանոն ասաց, որ երբեմն «հաշտություն» բառը շատ հեշտորեն է օգտագործվում, եւ որ այդ բառը շատ արմատական հասկացողություն ունի. - «Հաշտությունը չի կարող լինել առանց ճշմարտության: Հաշտություն` հիմնված ոչ ճշմարտության վրա, գոյություն չունի ու նաեւ մի նոր վերք է լինելու զոհերին եւ նրանց ժառանգներին»:

«Հաշտություն հայերի եւ թուրքերի միջեւ հնարավոր է, սակայն` հիմնված ճշմարտության եւ արդարության վրա», - ամփոփեց ուրուգվայցի պատմաբանը:

Ապրիլի 23-ին ստեղծված «Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հանձնախումբը» ունի 6 անդամ, որոնք ազգությամբ հայ չեն եւ հասարակությանը ծանոթ անձնավորություններ են:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG