Մատչելիության հղումներ

Իրանը Ադրբեջանից պահանջում է Բուշերի ատոմակայանի շինարարության համար նախատեսված սարքավորումները


Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է Բուշերի ատոմակայանի շինարարության համար նախատեսված ռուսաստանյան սարքավորումների ճակատագրին, որոնք բռնագրավվել էին Ադրբեջանի մաքսավորների կողմից մարտի 29-ին` Աստարայի մաքսակետում:

«Միջուկային սարքավորումների խմբաքանակի առաքումը համապատասխանում է Բուշերի ատոմակայանի շինարությունն ավարտին հասցնելու մասին` Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված համաձայնագրերի դրույթներին: Այդ համաձայնագիրը համապատասխանում է նաեւ միջազգային նորմերին եւ այս սարքավորումների առաքման վրա որեւէ արգելք սահմանված չէ», -հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Հոսեյնին:

Նա նաեւ տեղեկացրել է, որ արտգործնախարարություն էր հրավիրվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանը:

«Մենք կոչ ենք արել ադրբեջական կողմին` համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի սարքավորումների այս խմբաքանակը հնարավորինս սեղմ ժամկետներում հանձնվի իրանական կողմին», - փոխանցել է Հոսեյնին:

Բաքվում, սակայն, պնդում են, թե խնդիրը ռուսաստանյան «ԱտոմՍտրոյԷքսպորտ» ընկերության պահվածքն է, որը մինչեւ օրս Ադրբեջանին չի ներկայացրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա է իրականացվում միջուկային սարքավորումների առաքումը Իրան:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը շաբաթ օրը հայտարարել էր. - «Գոյություն ունեն տարանցիկ առաքումների միջազգային նորմեր, որոնց համաձայն այն պետությանը, որի տարածքով անցնում է հատուկ նշանակություն ունեցող սարքավորումների խմբաքանակը, պետք է ներկայացվեն փաստաթղթեր, թե ինչ է իրենից ներկայացնում այդ բեռը եւ ով է դրա հասցեատերը»:

Ազիմովի խոսքով, ռուսաստանյան կողմը դա չի արել, ինչը փոխարտգործնախարարին ստիպում է ենթադրել, թե Բուշեր առաքվող ռուսաստանյան բեռների փաստաթղթային ձեւակերպումների հետ որոշ խնդիրներ կան:

«Եթե այդ փաստաթղթերը գոյություն ունեն, ինչո՞ւ ռուսական կողմը դրանք մեզ չի ներկայացնում», - ասել էր Արազ Ազիմովը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG