Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի լրագրողները եւ իրավապաշտպանները դեմ են առաջարկվող օրենսդրական փոփոխություններին


Ռուսաստանցի լրագրողները եւ իրավապաշտպանները անհաճո լրատվամիջոցները վերջնականապես լռեցնելու փորձ են համարում Պետդումայի` անցած շաբաթավերջին առաջին ընթերցմամբ ընդունած փոփոխությունները «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում:

Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից պատգամավոր Ռոբերտ Շլեգելի ներկայացրած փոփոխությունները խստացնում են զրպարտության համար լրատվամիջոցների պատասխանատվությունը` ընդլայնելով նրանց գործունեությունը դատական կարգով դադարեցնելու հիմքերի շրջանակը: Մասնավորապես, նման հիմք կարող է դիտվել տվյալ լրատվամիջոցի կողմից «զրպարտչական բնույթի» նյութերի հրապարակումը մի քանի անգամ:

Շլեգելը նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ Ռուսաստանում գոյություն չունի մեխանիզմ, որով հնարավոր լինի զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու համար լրատվամիջոցին, իր խոսքերով, «ինչպես հարկն է» պատասխանատվության ենթարկել: «Ավելին, նման գործողությունները կարելի է որակել որպես խոսքի ազատության չարաշահում», - հայտարարել է նա:

Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Միխայիլ Ֆեդոտովը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նպատակը երկրում դեռեւս գոյություն ունեցող մի քանի անկախ լրատվամիջոցները հեշտությամբ փակելն է: «Եվ եթե նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հավանության արժանացնի նման օրենքը, դա նշանակում է, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին նրա բոլոր ելույթները դատարկ խոսքեր էին», - հայտարարել է Ֆեդոտովը:

«Եթե Պուտինի իշխանության գալուց հետո անկախ լրատվամիջոցներ գրեթե չեն մնացել, ապա այս օրենքի ընդունումից հետո նրանք կարող են պարզապես վերանալ, քանի որ ցանկացած լրատվամիջոց կարող է փակվել սոսկ պաշտոնյաների ցանկությամբ: Նրանք կարող են իրենց վերաբերող ցանկացած տեղեկատվություն որակել զրպարտություն եւ դիմել դատարան», - կարծիք է հայտնել լրագրող Դմիտրի Տիտկովը:

Լրատվամիջոցների պաշտպանության կետրոնի տնօրեն Գալինա Արապովան, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ այս փոփոխությունները հակասում են նաեւ միջազգային իրավունքի նորմերին ու Եվրոպական կոնվենցիային, քանի որ լրատվամիջոցների նկատմամբ պատժամիջոցները առիթ կդառնան խոսքի ազատության սահմանափակումների:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG