Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի կարծիքով, օմբուդսմենի զեկույցը Սերժ Սարգսյանին «մաքրելու» նպատակ ունի


Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արման Մուսինյանի կարծիքով, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի` երեկ հրապարակված արտահերթ զեկույցը հետապնդում է Սերժ Սարգսյանին «մաքրելու» նպատակ:

«Սա կոնկրետ նպատակ է [հետապնդում] Սերժ Սարգսյանին մաքրելու նախընտրական, հետընտրական եւ մարտի 1-ի ողբերգության հետեւանքների իրավական եւ քաղաքական պատասխանատվությունը կրելուց», - «Ազատություն» ռադիոկայանին շաբաթ օրը ասաց Մուսինյանը:

Նրա խոսքով, Արմեն Հարությունյանը պետք է գնահատականներ հնչեցներ նաեւ նախընտրական շրջանում, ինչը, իր կարծիքով, չի արվել. - «Ցավում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը խուսափել է նախընտրական շրջանում իրավական գնահատականներ տալուց, որովհետեւ աղաղակող են եղել բազմաթիվ օրինախախտումներ»:

Հարցին, թե ինչպես կվերաբերեն իրենք, եթե մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող անկախ մարմինը ստեղծվի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից, Արման Մուսինյանը արձագանքեց. - «Մենք հիմք չունենք հավատալու, որ անկախ հանձնաժողովի ղեկավարությունը վերապահելով Մարդու իրավունքների պաշտպանին, մենք կունենանք հասարակության վստահությունը վայելող ուսումնասիրություն եւ եզրակացություն»:

Մուսինյանը «միջազգային հանրության աչքերին թոզ փչելու կարճատեւ, բայց նաեւ կարճատես հնարք» որակեց երեկ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը:

«Իշխանությունը երկրում ժողովրդավարությունը վերականգնելու ռեալ ռեսուրս չունի», - փաստարկեց նա:


Աստղիկ Բեդեւյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG