Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեւանյան մի շարք թերթեր, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության տեղեկությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը միջնորդություն էր առաջարկել Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ երկխոսություն սկսելու համար, տպագրել են Հայաստանի առաջին նախագահի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին. - «Ես պաշտոնապես հայտարարել եմ, որ Հայաստանի իշխանությունների հետ ցանկացած երկխոսության հիմք եմ համարում Եվրամիության նախագահության մարտի 4֊-ի հայտարարության պարունակած բոլոր չորս կետերը՝ արտակարգ դրության դադարեցում, խոսքի, մամուլի, զանգվածային միջոցառումների անցկացման ազատություն, քաղբանտարկյալների ազատ արձակում եւ մարտի 1-֊ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննության իրականացում: Հանդիպումից առաջ պետք է բավարարված լինի Եվրամիության նախագահության հայտարարության մատնանշած առնվազն մեկ պահանջը, այն է՝ բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը փաստում է. - «13 տարի մեզ մոտ ընտրությունները տապալվում են. իշխանությունը գնում է բռնությունների ու կեղծիքների, իսկ նրանք, ովքեր փորձում են այս գործողություններին հակազդել, հայտնվում են ճաղերի հետեւում` «ընտրությունների ընթացքը խոչընդոտելու», «իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու», «զանգվածային անկարգությունների», «իշխանությունը բռնազավթելու» եւ այլ նմանատիպ մեղադրանքներով: Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել այս տխուր ավանդույթը: Պարզ է, որ ուժային վարչական եւ դատական լծակներով օժտված կեղծարարներին հնարավոր չէ խնդրել-համոզել, թե` բարի եղեք, արդար ընտրություններ կազմակերպեք: Իսկ բարիկադներից առավել վտանգավորը ոչ թե «ֆիզիկականն» է, (տրոլեյբուսներից եւ մեքենաներից), այլ «մտավորը»` «եթե դու մեր կարգախոսները չես բղավում, ուրեմն ավազակապետության կողմնակից ես»: Եվ ստացվում է, որ հանուն ազատության, ժողովրդավարության եւ հանդուրժողականության պայքարը ձեռք է բերում ճիշտ հակառակ ուղղվածությունը»:

«Հայոց Աշխարհ»-֊ը կարծիք է հայտնում. - «Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի թիմի կողմից նախագահական ընտրություններն օգտագործվեցին սոսկ իբրեւ միջոց կամ գործիք՝ խաղարկելու հետընտրական իրավիճակի ապակայունացման որոշակի սցենար: Հակառակ պարագայում, եթե Տեր֊-Պետրոսյանը իսկապես մտադիր էր հաղթել նախագահական ընտրություններում, ապա նա 2007 թվականին կմասնակցեր խորհրդարանի մանդատների բաշխման գործընթացին, ձեռք կբերեր տեղեր՝ ընտրական հանձնաժողովներում եւ նոր միայն կմտածեր ավելի բարձր հավակնությունների մասին»:

«Չորրորդ իշխանություն»-֊ը գրում է. - «Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2007 թվականի սեպտեմբերից սկսած՝ մինչեւ փետրվարի 19-֊ը եւ մարտի 1-֊ը, իրականացրել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Եվ նրանք հավասարապես են պատասխանատվություն կրելու այս ամենի համար: Այնպես չէ, որ Ռոբերտ Քոչարյանը հրամայել է կեղծիքներ իրականացնել, կրակել ժողովրդի վրա ու վերջում Սերժ Սարգսյանի թաթիկից բռնած՝ նստեցրել նախագահի աթոռին: Եվ նրանք, ովքեր այսօր «խստորեն դատապարտում են» փետրվարի 19-֊ի եւ մարտի 1-֊ի դեպքերը, բայց մեղավոր են հռչակում միայն Քոչարյանին, դրանով իսկ ռեժիմի խաղն են խաղում»:

«Ժամանակ Երեւան»-֊ը, փաստելով, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը հորդորում է անհապաղ ազատ արձակել քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց, հեգնում է. - «Իշիանությունները, երեւի թե, պետք է Ստրասբուրգ գործուղեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով եվրապատվիրակներին հանգամանալից կբացատրի, որ անհապաղ չի նշանակում անմիջապես, ինչը նշանակում է, որ իշխանությունները քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց ազատ կարձակեն նրանց պատժի ժամկետը լրանալուց հետո՝ անհապաղ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG