Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյան. «Երկխոսությունը պետք է լինի առանց նախապայմանների»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը շաբաթ օրը ասաց, որ ներքաղաքական ստեղծված իրավիճակի հաղթահարման համար իշխող կոալիցիայի եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ երկխոսությունը պետք է լինի առանց նախապայմանների:

«Lեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը, որը այսօր հրապարակված էր նաեւ մամուլում, էլի իր մեջ ներառում էր հստակ նախապայման` երբ ազատ կարձակվեն բոլոր ձերբակալվածները: Ըստ իս, սա նախապայման է, սա ուլտիմատում է: Սա պետք է լիներ ոչ թե նախապայման, այլ պետք է դառնար քննարկման օրակարգի նյութ: Ես դարձյալ հակված եմ մտածելու, որ նախապայմաններ առաջադրելը պարզապես երկխոսությունից ինչ-որ կերպ խուսափելու պատճառ է», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորը` այդուհանդերձ հավելելով. - «Այն, ինչ առաջարկում է ընդդիմությունը միանշանակ պետք է դառնա քննարկման առարկա, միանշանակ խնդիրներ են, որոնք իրենց լուծումն են պահանջում»:

Զոհրաբյանի վստահեցմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, բայց նաեւ «չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց քրեական հանցագործությունները կփորձեն թաքցնել քաղաքական ենթատեքստի տակ»:

«Իսկ պարզել, թե ինչ ենթատեքստ կա այդ ամենի տակ, դա պետք է անի քննությունը: Կանխակալ գնահատական տալ այս պահին, կարծում եմ, ճիշտ չէ», - ասաց նա: - «Երբ որ քննությունը մեզ չի բավարարի, եւ կասկածներ կունենանք, որ կոնկրետ իքս կամ իգրեկ անհատի վերաբերյալ քննությունը քաղաքականացվում է, այդ ժամանակ ես վստահեցնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը իր դիրքորոշումը կարտահայտի»:

Նոր ձեւավորված կառավարությունից պատգամավորը ակնկալում է քառակողմ կոալիցիոն հուշագրում արձանագրվածի իրականացում. - «Ուզում եմ հավատալ, որ քաղաքական կոալիցիայի կողմերը կատարելու են կոալիցիոն հուշագիրը»:

Հարցին, թե բավարարված է «Բարգավաճ Հայաստան»-ը կառավարության կազմում ստացած պորտֆելներով, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը կարող էր ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն վերցնել, սակայն կա քաղաքական կոալիցիա, քաղաքական համաձայնության արդյունքները այս պահին այսպիսին են»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG