Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ուրբաթ օր ներկայացրեց իր հրապարակային արտահերթ զեկույցը, որը վերաբերում է հետընտրական շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակին` բարձրացնելով բազմաթիվ սուր, հասարակությանը հուզող հարցեր:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին եւ ոստիկանական ուժերի կողմից իրականացված գործողությունների օրինականության խնդրին, Արմեն Հարությունյանը գրում է. - «Մարտի 1-ի իրադարձությունները սկսվեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց: Ազատության հրապարակի օպերացիան տեղի ունեցավ առավոտյան 6:40-ին, ինչը խիստ զարմանալի է այն պարզ պատճառով, որ եթե ոստիկանությունն իսկապես իրականացնում էր քննչական գործողություն, ապա 6:40-ի փոխարեն, պրակտիկայում, քրեական հետապնդման մարմինը մի փոքր սպասում է, եւ քննչական գործողություն իրականացնում ժամը 7-ից հետո: Բացի այդ, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, տեղազննությունը, որպես կանոն, կատարվում է ցերեկը` ընթերականների մասնակցությամբ»:

Այնուհետեւ Հայաստանի օմբուդսմենը մի շարք հարցադրումներ է անում. - «Անհրաժեշտ է պարզել, արդյո՞ք հանրահավաքի մասնակիցներին ներկայացվել է տեղազննություն իրականացնելու հրապարակային պահանջ եւ ո՞ւմ կողմից: Անհրաժեշտ է պարզել, որեւէ մեկը ներկայացել է որպես օպերացիայի համար պատասխանատու անձ, եւ ինչով է պայմանավորված Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանի մասնակցությունն Ազատության հրապարակի այս միջոցառմանը: Ավելին` պետք է պարզել, արդյո՞ք նա է ղեկավարել մարտի 1-ի Ազատության հրապարակի օպերացիան»:

Անդրադառնալով Ազատության հրապարակում [պաշտոնական հաղորդագրության համաձայն] հայտնաբերված զենքին` մարդու իրավունքների պաշտպանը նշում է. - «Ըստ Գլխավոր դատախազության մարտի 1-ի հաղորդագրության, առավոտյան Ազատության հրապարակում հայտնաբերվել են նռնակներ, ինչը թույլ է տալիս մտածել, թե ինչո՞ւ դրանք չեն օգտագործվել: Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող ցուցարարները իրենցից հետո ատրճանակներ են թողել, ապա ինչպես եղավ, որ նրանց ցրելու ժամանակ, որն ուղեկցվել է ծեծով եւ դիմադրությամբ, ոչ մի կրակոց չեղավ: Առնվազն տարօրինակ է հայտնաբերված զենքերը ոստիկանների կողմից մերկ ձեռքերով վերցնելը, ինչը ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ մարտի 1-ին: Կարծում ենք, որ այդ ոստիկանների անփութության հետեւանքով վերացվեցին զենքերի վրա առկա հետքերը»:

Հանրահավաքը ցրելու իրավական հիմքերի վերաբերյալ Արմեն Հարությունյանը նշում է. - «Մինչեւ հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցումը ոստիկանության ներկայացուցիչը պարտավոր է ոչ պակաս քան 2 անգամ բարձրախոսով տեղեկացնել հանրահավաքի մասնակիցներին հրապարակային միջոցառման դադարեցման պահանջի մասին, սակայն մարտի 1-ի առավոտյան նման պահանջ չի ներկայացվել: Ավելին` ցուցարարներին հանրահավաքը դադարեցնելու որեւէ ժամանակ չի տրամադրվել: Ըստ ականատեսների, ցուցարարներն անգամ հնարավորություն չեն ունեցել դուրս պրծնել շրջափակումից»:

Ինչ վերաբերում է արդեն Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակում տեղի ունեցած հավաքին, ապա պաշտպանը գրում է, որ մարդիկ «հավաքվել էին իրենց անհամաձայնությունն ու վրդովմունքը արտահայտելու առավոտյան կատարված իրադարձությունների առնչությամբ»:

Ըստ օմբուդսմենի` մարտի 1-ի ժամը 12-ի սահմաններում «ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը պետք է դիտարկել անօրինական, քանի որ պաշտոնապես չներկայացվեց եւ չհիմնավորվեց, որ քաղաքացիների հավաքը իրական վտանգ էր սպառնում»:

Արմեն Հարությունյանի համոզմամբ` անօրինական պետք է համարել նաեւ ոստիկանության զորքերի ներգրավումը մարտի 1-ի կեսօրին Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում հավաքված քաղաքացիներին ցրելու փորձին, քանի որ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի համաձայն, խաղաղ, առանց զենքի հանրահավաքները կանխելու համար ոստիկանության զորքերի ներգրավումն արգելվում է: Հետեւաբար, ըստ նրա, պետք է պարզել, թե ով է տվել ոստիկանության զորքերը ներգրավելու անօրինական հրամանը:

Անդրադառնալով մարտի լույս 2-ի գիշերը տեղի ունեցածին` Արմեն Հարությունյանն իր զեկույցում նշում է, որ «կասկածելի եւ հակասական հանգամանքներում են իրականացվել Մաշտոցի պողոտայում գտնվող խանութների թալանը եւ մեքենաների հրկիզումը»:

«Հատկանշական է, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում ընթացող հանրահավաքի մասնակիցները որեւէ հարձակում մոտակա խանութների վրա չգործեցին», - ընդգծում է օմբուդսմենը եւ նշում, որ նախաքննությունը պետք է պարզի, թե «արդյոք ֆրանսիական դեսպանատան մոտակայքում հավաքված խաղաղ ցուցարարների եւ հարակից փողոցներում անկարգություններ կատարող անձանց միջեւ առկա է իրական կապ»:

Ըստ Հարությունյանի, նախաքննության առարկա պետք է դառնա նաեւ ոստիկաններին հրազենային վնասվածքներ հասցնելու հարցը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը դեռեւս չի հրապարակել ցուցարարների կողմից ոստիկանների ուղղությամբ կրակ բացելու որեւէ ապացույց:

Անդրադառնալով Մաշտոց - Պարոնյան - Լեո փողոցներում տեղի ունեցած բախումների ընթացքում մարդկային զոհերի պատճառների ուսումնասիրությանը` Արմեն Հարությունյանը նշում է, որ յուրաքանչյուր մահվան դեպքում պետք է իրականացվի հատուկ քննություն:

Իսկ հատուկ միջոցների կիրառումից զոհվածների թվի վերաբերյալ Արմեն Հարությունյանը մեջբերում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ եթե հատուկ միջոցները հին չլինեին, ապա զոհերի թիվն ավելի քիչ կլիներ: «Այստեղից նախաքննության մարմինների համար պետք է ծագի այն հարցը, թե ո՞վ է կարգադրել գործադրել այդ հատուկ միջոցները», - նշում է նա:

Ինչ վերաբերում է կիրառված ուժի համաչափությանը, ապա Արմեն Հարությունյանը նշում է, որ համաչափությունը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ «զոհված ցուցարարների մոտ ջնջխված է եղել գլխուղեղը»:

«Ըստ տարածված տեղեկությունների, մեկ ժամից ավելի ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, եւ վերջապես Հայաստանում շրջանառվում են տեսահոլովակներ, թե ինչպես են դիմակավորված անձինք կրակ բացում սեփական ժողովրդի վրա», - ասված է օմբուդսմենի արտահերթ զեկույցում:

Պաշտպանը եզրակացնում է, որ ներկայացված բոլոր հարցադրումները սպառիչ պատասխաններ են պահանջում:

Ըստ Արմեն Հարությունյանի, մարտի 1-ի իրադարձությունների «անաչառ եւ բազմակողմանի քննությունը միայն կստեղծի իրական նախադրյալներ ստեղծված ճգնաժամային վիճակից դուրս գալու համար»: Հետեւաբար Հայաստանի օմբուդսմենն առաջարկում է ստեղծել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող անկախ հանձնաժողով:

«Դա պետք է այնպիսի մարմին լինի, որի նկատմամբ վստահություն լինի հասարակությունում: Ներքին համոզմունք ունեմ նաեւ, որ արտապառլամենտական ընդդիմադիր ուժերը շատ ակտիվ մասնակցություն պետք է ունենան այդ հանձնաժողովի գործունեւությանը: Ես կարծում եմ, որ պարտադիր է, որպեսզի այդ հանձնաժողովի հետ աշխատի լուրջ փորձագետների, այդ թվում արտերկրներից, մի համակարգ»:


Ռուզաննա Ստեփանյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG