Մատչելիության հղումներ

Մակեյանի եւ մյուսների գործով դատավարությունը հետաձգվեց


Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի գործով դատավարությունը:

Դատական առաջին նիստը ապրիլի 17-ին էր, որը հետաձգվեց, քանի որ դատարան էր ներկայացվել բժշկական տեղեկանք, որ հացադուլը դադարեցրած Պետրոս Մակեյանը վատառողջ էր եւ նիստին ներկա գտնվել չէր կարող:

Միջադեպը, որի կապակցությամբ մեղադրվում են հիշյալ երեք անձինք, տեղի է ունեցել փետրվարի 19-ին Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասում: Ըստ մեղադրանքի, նշված անձինք մոտ կես ժամ խանգարել են տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

Մակեյանին, Զաքարյանին եւ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149 հոդվածի երկրորդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, որոնցով երկուսից մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սահմանվում «ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից եւ զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»:

Այսօրվա նիստից առաջ Կանանց համազգային շարժման մի քանի տասնյակ ներկայացուցիչներ պիկետ էին կազմակերպել դատարանի շենքի մոտ` պահանջելով արդար դատավարություն անցկացնել եւ ազատ արձակել «քաղաքական դրդապատճառներով» ձերբակալվածներին:

Այնուհետեւ հավաքվածների պահանջով նիստն անցկացվեց ավելի մեծ դահլիճում, քան նախատեսված էր, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հետեւել դատավարությանը:

Ամբաստանյալներին ներկայացվեց մեղադրանքը, ինչից հետո, ի պատասխան դատավորի հարցերին, երեք ամբաստանյալներն էլ ասացին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:

«Սա քաղաքական մեղադրանք է` ներկայացված քրեական հոդվածներով», - ասաց, մասնավորապես, Պետրոս Մակեյանը` մեկ անգամ էլ շեշտելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամները, ովքեր հանդես են գալիս որպես վկաներ, դատարանի դահլիճում հայտարարեցին, որ նախաքննության ընթացքում իրենք ենթարկվել են թելադրանքի, որ իրենց նախաքննական ցուցմունքներում հավելումներ են կատարվել:

«[Ընտրական հանձնաժողովի] Աշխատանքը կատարվել է իր հունով, ընտրական հանձնաժողովի աշխատանքը չի խախտվել, որովհետեւ ես դռան մոտ են իրենց [ամբաստանյալների] հետ զրուցել», - դատարանում ասաց 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանը:

Նիստը կշարունակվի ապրիլի 30-ին:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG