Մատչելիության հղումներ

Նախագահը աշխատանքային խումբ է ստեղծել ԵԽԽՎ-֊ի առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը՝ կարգադրությունը ստորագրվել է նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքներով:

Խումբը ղեկավարելու է նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:

Խմբի կազմում ընդգրկված են ԵԽԽՎ֊-ում Հայաստանի պատվիրակության անդամները, նախագահի օգնականը, արտաքին գործերի, արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահն ու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը:

Խմբին հանձնարարված է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ` առաջիկա քայլերի վերաբերյալ:

Անցած շաբաթ Ստրասբուրգում ընդունված բանաձեւով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը առաջարկել էր անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարաձությունների (որոնց զոհ են գնացել 10 եւ վիրավորվել 200 հոգի) վերաբերյալ անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց եւ անհապաղ վերացնել եւ ուժը կորցրած համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված փոփոխությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG