Մատչելիության հղումներ

Հարավային քրեական դատարանը համաձայնեց, որ փոխվի զինծառայողի սպանության գործով մեղադրողը


Հարավային քրեական դատարանն այսօր որոշեց ընդունել տուժող կողմի բացարկը դատախազ Կարեն Հարությունյանից` որպես մեղադրող, հրաժարվելու մասին:

Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի պնդմամբ, նախադեպը չէր եղել, որ «դատարանն այսպես դուրս գա դատախազության դեմ»:

Տուժողի իրավահաջորդ, 2007 թվականի ապրիլին Ստեփանակերտի զորամասերից մեկում գլխին հրազենային կրակոցով սպանված մասիսցի զինծառայող Գեղամ Սերգոյանի հայրը՝ Ռոբերտ Միրզոյանը, մեղադրողին բացարկը հիմնավորեց նրանով, որ ներկայումս դատախազ, նախկինում քննիչ Կարեն Հարությունյանը նախաքննության փուլերից մեկում վարել է այն: Բայցի այդ, նրա ասելով, գործը «թերի» է վարել՝ իրեղեն ապացույցներ չփնտրելով, եւ անտեսել է հանգամանքը, որ Գեղամ Սերգոյանի այտոսկրին ու մարմնի վրա սպանվելուց առաջ ստացած բռնության հետքեր են եղել:

Միրզոյանը պնդում է, որ դա արձանագրել է նաեւ Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկը:

Կարեն Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ «Ազատություն» ռադիոկայանին:

Գործով ամբաստանվում է ստեփանակերտցի 26-֊ամյա սպա Հենրիխ Գրիգորյանը: Նրան մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 104֊-րդ հոդվածի երկրորդ մասի 10-֊կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով) եւ 375-֊րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):

Մեղադրանքն ապացուցվելու դեպքում ամբաստանյալին կարող է նաեւ ցմահ ազատազրկում սպառնալ:

Ամբաստանյալի շահերը պաշտպանում է փաստաբան Ռուբեն Ռշտունին, որն այսօր չէր ներկայացել դատարան:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-֊ին՝ նոր մեղադրող նշանակվելուց հետո:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG