Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը հրաժարվել է պատգամավորական մանդատից


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնել է խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա վկայությամբ՝ Վահե Հովհաննիսյանը որոշել է աշխատանքի անցնել մասնավոր հատվածում, իսկ օրենքը պատգամավորին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Վահե Հովհաննիսյանը անկուսակցական է, համամասնական ցուցակով պատգամավոր է ընտրվել 2007-ի մայիսի 12-ին: Մինչ այդ նա 5 տարի աշխատել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում` որպես ռեֆերենտ:

Ըստ «Բարգավաճ Հայաստան»֊-ի համամասնական ցուցակի հաջորդականության՝ պատգամավոր պետք է դառնար Երեւանի Դանիել Վարուժանի անվան դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը: Սակայն նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Իր հերթին, Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ «կուսակցությունում դեռ չեն որոշել, թե խորհրդարանում ով կզբաղեցնի Վահե Հովհաննիսյանի տեղը»:

Զոհրաբյանը նաեւ հայտնել է, որ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին տեղեկությունը Տիգրան Թորոսյանը կհրապարակի երկուշաբթի օրը կայանալիք Ազգային ժողովի նիստի ժամանակ:


Աստղիկ Բեդեւյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG