Մատչելիության հղումներ

logo-print

Փիթեր Բալաքյան. «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից առաջին ցեղասպանությունն էր»


Ամերիկահայ հայտնի գրող Փիթեր Բալաքյանը ավստրալահայերի՝ երեկ Սիդնեյում կայացած հավաքի ժամանակ փաստել է, որ Հայոց ցեղասպանությունը ժամանակակից առաջին ցեղասպանությունն էր:
«Հայոց ցեղասպանությունը, հաշվի առնելով դրա իրականացման տեխնոլոգիայի եւ բյուրոկրատական ապարատի արդյունավետ օգտագործումը, առաջին ժամանակակից ցեղասպանությունն էր», - ասել է Փիթեր Բալաքյանը, ելույթ ունենալով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի տեղական խորհրդարանում տեղի ունեցած արարողության ժամանակ:

Խորհրդարանի տանիքում գտնվող «Խաղաղության այգում», որտեղ 11 տարի առաջ հայկական խաչքար է տեղադրվել, հավաքվել էին մոտ 200 ավստրալահայեր:

Պրոֆեսոր Բալաքյանը նշել է մի խորհրդանշական զուգադիպություն՝ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց հայերի ցեղասպանությունը, իսկ 1915 թվականի ապրիլի 25-ին ֆրանսիացիների եւ անգլիացիների հետ մեկտեղ Թուրքիայի Գալիպոլի թերակղզի մտան Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի զորքերը, փորձելով գրավել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլը:

Մի քանի ամիս տեւած ճակատամարտը բազմաթիվ մարդկանց կյանք խլեց: Ավստրալիայում ապրիլի 25-ը տոն է համարվում՝ այդ օրը Սիդնեյում շքերթ են կազմակերպում պատերազմի վետերանները:

ABC News հեռուստակայանը նշել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցը Սիդնեյում նշվել է ողջ ամսվա ընթացքում: Գլխավոր արարողությունը, որին մասնակցել է մոտ 1000 մարդ, այդ թվում Ավստրալիայի կառավարության անդամներ, կայացել է ապրիլի 20-ին:


Արամ Ա. Տերյան, Սիդնեյ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG