Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայերի եւ թուրքերի ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման»


Հայ եւ թուրք ժողովուրդների ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման, որի ուղին ոչ թե մոռացությունն է, այլ գիտակցված հիշողությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` այսօր Փարիզի քաղաքապետարանում ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելության ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Բերտրան Դելանոեին արդեն ավանդույթ դարձած այդ քաղաքացիական միջոցառման նախաձեռնման կապակցությամբ` Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել հետպատերազմյան Եվրոպայի ղեկավարների ցուցաբերած իմաստնությունը եւ քաղաքական խիզախությունը` հանուն խաղաղ եւ համերաշխ ապագայի հաշտեցնելու պատերազմներից ու թշնամանքներից ջլատված Եվրոպայի ժողովուրդներին:

«Մեր հիշողության մեջ հառնում են Ֆրանսուա Միտերանի եւ Հելմուտ Քոլի խորհրդանշական կերպարները, որոնք ձեռք-ձեռքի գլուխ են խոնարհել 1870-ից մինչեւ 1945 թիվն ընկած երեք մահաբեր պատերազմներին զոհ գնացած ֆրանսիացի եւ գերմանացի զինվորների գերեզմանների առջեւ: Իրենց մեծ նախորդների` գեներալ դը Գոլի եւ կանցլեր Ադենաուերի նման, նրանք վաստակեցին իրենց ժողովուրդների երախտիքը եւ առհավետ մտան մարդկության պատմության մեջ», - ասել է Էդվարդ Նալբանդյանը` հավելելով. - «Հույս ունեմ, որ մի օր էլ հայ եւ թուրք ղեկավարները միասին կխոնարհվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշի առջեւ, եւ անցյալի ծանր բեռից ազատված մեր ժողովուրդները միասին կկառուցեն ապահով ապագա»:

«Մեր ժողովուրդների ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման, եւ հաշտության ուղին ոչ թե մոռացությունն է, այլ գիտակցված հիշողությունը, քանի որ միասին շրջելով մեր պատմության սեւ էջը կարելի է վստահությամբ ու հավատով նայել մեր ապագային», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: - «Ես հավատում եմ մեր երկու երկրների ղեկավարների եւ ժողովուրդների իմաստնությանը: Հայաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու ջանքեր գործադրել այդ ուղղությամբ լուծումներ գտնելու համար եւ հույս ունի, որ նույն մոտեցումը կցուցաբերի Թուրքիան: Դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները, դրանից կշահեն մեր ժողովուրդները»:

Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն հայտարարել է, որ ընդառաջելով Էդվարդ Նալբանդյանի առաջարկին, նրա իսկ կողմից ընտրված վայրում` Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի արձանի շրջակա այգին անվանվելու է Երեւանի պուրակ: Քաղաքապետը Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է միասին բացելու այն:

Ընդունելությանը ներկա էին Ֆրանսիայի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, Ֆրանսիայի հայկական, հրեական եւ իսլամական կազմակերպությունների ղեկավարներ, հոգեւոր հարանվանությունների պետեր, մտավորականներ, մոտ հազար ֆրանսահայեր:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` առավոտյան տեղի էր ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Բերտրան Դելանոեի առանձնազրույցը:

Այսօր ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարարը կվերադառնա Երեւան:

(Լուսանկարը` արտգործնախարարության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG