Մատչելիության հղումներ

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն եվրոպական քաղաքներում


Այսօր Արեւմտյան Եվրոպայի գրեթե բոլոր պետություններում բնակվող հայերը պատրաստվում են միջոցառումներ անցկացնել` նշելու Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը: Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանի փոխանցմամբ` ակցիաներ են կազմակերպվելու Թուրքիայի դիվանագիտական ներկայացչությունների, Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանների կամ իշխանության տեղական մարմինների նստավայրերի մոտ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հիլդա Չոբոյանը, Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը ցույց է նախաձեռնել երկրի խորհրդարանի շենքի մոտ. - «Մի քանի տարի է արդեն, ինչ հայությունը պահանջում է, որպեսզի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվի Հոլանդիայի կողմից, եւ անուղղակիորեն այն ճանաչվել է: Նշեմ սակայն, որ Հոլանդիայի խորհրդարանը դեռ չի կատարել իր խոստումը, որի իմաստը հետեւյալն է` ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման առաջ քաշել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների ընթացքում»:

Միջոցառումների մի ողջ շարք են նախապատրաստել Ֆրանսիայում բնակվող հայերը:

«Կլինեն բողոքի ցույցեր: Ֆրանսիայի որոշ քաղաքներում տեղեկատվական միջոցառումներ են կազմակերպվելու: Անցորդներին փողոցներում թռուցիկներ կբաժանվեն, որպեսզի տեղացի ժողովուրդը պատկերացում կազմի, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը, եւ իմանա, թե ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանության ուրացման խնդիրը», - նշեց Հիլդա Չոբոյանը:

Նրա խոսքերով` Ֆրանսիայում կան քաղաքներ, որտեղ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները կազմակերպվելու են տեղական իշխանությունների նախաձեռնությամբ. - «Այն քաղաքները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, այդտեղ պետական մակարդակով են [անցկացվելու] միջոցառումները: Օրինակ` Վիլորբան քաղաքը, որը սեփական նախաձեռնությամբ ու սեփական միջոցներով պատրաստվում է մի քանի միջոցառում կազմակերպել ապրիլի 24-ին»:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ են կազմակերպվելու նաեւ Lոնդոնում, Ստոկհոլմում, Բրյուսելում եւ արեւմտաեվրոպական այլ խոշոր մայրաքաղաքներում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG