Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այսօր բազմահազար հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր եւ օտարերկրյա հյուրեր են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի հիշատակին:

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կայցելեն նաեւ երկրի քաղաքական վերնախավը, հիշատակի առանձին երթով՝ ընդդիմադիր «Համաժողովրդական շարժման» համակիրները:

Դաշնակցության երիտասարդական կազմակերպություններն ու համակիրները երեկ երեկոյան վառված մոմերով ու ջահերով հիշատակի երթ արեցին դեպի Ծիծեռնակաբերդ:

Հիշատակի օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. - « Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի նեղ ազգային հարցը չէ։ Մարդկության դեմ կատարված ոճիրն ունի համամարդկային նշանակություն եւ հնչեղություն. ուրեմն եւ՝ պետք է ստանա համամարդկային արձագանք։ Մեր նպատակներն ընդհանուր ոչինչ չունեն վրեժի եւ թշնամանքի հետ։ Անմեղ զոհերի սուրբ հիշատակը վառ պահելով հանդերձ` մենք պատրաստ ենք հենց վաղը բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի»։

«Հայոց եղեռնի պատճառների եւ նախապատմության մասին շատ է խոսվել ու գրվել։ Բազմաթիվ նոր փաստեր ու վերլուծություններ սպասում են իրենց հրապարակմանը, բայց մի բան պարզ էր ի սկզբանե. նման հանցագործություն հնարավոր էր իրականացնել միմիայն հայկական պետականության բացակայության պայմաններում», - ընդգծում է նախագահը: - «Այսօր՝ ապրիլի 24-ին մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց պետականության բացառիկ նշանակությունը»:

Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը իր ուղերձում, մասնավորապես, շեշտում է. - «Պատմությունն ապացուցել է, որ որեւէ ժողովուրդ կարող է պաշտպանված լինել նման ոճիրներից, եթե ստեղծել է անառիկ, զորավոր ու իր քաղաքացիների համար արժանապատիվ կյանք ապահովող պետություն: 20-րդ դարասկզբի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ գլուխ խոնարհելով, մենք` նրանց ժառանգները, պարտավոր ենք կառուցել նրանց երազած Հայաստանը ոչ միայն որպես զոհերի հիշատակը հավերժացնող անձեռակերտ հուշարձան, այլեւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ապագայի լիակատար երաշխիք»:

Հիշատակի օրվա առթիվ ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այսօր մենք սգում ենք, եւ հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի անմեղ նահատակներին, յուրովի ենք վերաիմաստավորում անցյալի ամենակարեւոր դասերը. մենք չենք կարող ապրել ապահով ու անվտանգ, եթե լինենք մասնատված ու բաժան-բաժան, չենք կարողանա կանխել մեծ աղետները, եթե չունենանք ամուր պետականություն, որպես ազգ` չենք կարող եւ չպետք է մոռանանք մեր պատմությունը:
Մենք պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, անենք հնարավորն ու անհնարինը Հայաստանի անվտանգության, բարեկեցության ու զարգացման` մեր երկրի վաղվա օրվա համար», - ասված է վարչապետի ուղերձում:

Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ՝ այդ թվում Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան եւ Կանադան պաշտոնապես ընդունել են, որ նախորդ դարասկզբին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր:

Միջազգային գործակալությունները պատմական իրադարձությունների օրացույցում անպայման արձանագրում են այս օրը՝ բայց տարբեր բնորոշումներով. ֆրանսիական «Ֆրանսպրես»-ը օգտագործում է «Ցեղասպանության օր», երբեմն նաեւ՝ «կոտորած» հասկացությունները, բրիտանական «Ռոյթերզ»-ը՝ «Հայերի ցեղասպանության օր» բառակապակցությունը, բայց` չակերտներում, ամերիկյան «Ասոշիեյթեդ փրես»-ը՝ «զանգվածային սպանություններ» հասկացությունը:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG