Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն Խաչիկ Հարությունյանին եւ Արծրունի Աղաջանյանին գրանցեց «Օրինաց երկիր»-ի պատգամավորական տեղերում


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր միաձայն որոշեց նախարարներ նշանակված Մհեր Շահգելդյանի եւ Գուրգեն Սարգսյանի պատգամավորական տեղերում գրանցել «Օրինաց երկիր»-ի համամասնական ընտրացուցակից Խաչիկ Հարությունյանին եւ Արծրունի Աղաջանյանին:

Վերջինս «Օրինաց երկիր»-ի պատգամավոր է եղել նաեւ 1999-ին ընտրված խորհրդարանում, եղել է Շիրակի փոխմարզպետ:

Միեւնույն ժամանակ, նիստում հրապարակվեց «Օրինաց երկիր»-ի նախկին անդամ Գեղամ Գասպարյանի դիմումը, որում նա պնդում է, որ ժամանակին կուսակցական ընտրացուցակում եղել է Աղաջանյանից առաջ եւ ինքնաբացարկ չի հայտնել, ուստի հենց իրեն է պատկանում ազատված պատգամավորական տեղը:

Ամեն դեպքում, որոշվեց գրանցել պատգամավորին, միաժամանակ դիմելով դատախազություն՝ ճշմարտությունը պարզելու համար: Որոշումն ընդունվեց միաձայն:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե պարզվի, որ Գեղամ Գասպարյանի ինքնաբացարկի ստորագրությունը իրոք կեղծ է, ինչպե՞ս են արդեն պատգամավոր Արծրունի Աղաջանյանից հետ վերցնելու պատգամավորական մանդատը, հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը պատասխանեց. - «Եթե մանդատը տալու որոշման հիմքը վերանա, մանդատը հետ կվերցվի»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG