Մատչելիության հղումներ

logo-print

Աշխատանքից ազատված դիվանագետների բողոքը դատարանը կքննի մայիսի 14-ին


Վարչական դատարանը մայիսի 14-ին կսկսի «Դիվանագիտության մասին» օրենքը խախտելու համար աշխատանքից ազատված 4 դիվանագետների բողոքը:

Փետրվարի 26-ին արտգործնախարարության 6 աշխատակիցներ հայտարարություն էին տարածել, որում իրենց մտահոգությունն էին հայտնել «հանրապետությունում ձեւավորված ներքին եւ արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ»:

«Մեր վրդովմունքն ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ, որոնք ստվեր են նետում Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, արդար եւ ազատ նախագահական ընտրություններ անցկացնելու` մեր երկրի եւ հասարակության կամքի վրա: Պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ», - մասնավորապես, ասված էր հայտարարությունում:

Հայտարարության հրապարակումից հետո այն ստորագրած դիվանագետները նախարարի որոշման ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, քանի որ «Դիվանագիտության մասին» օրենքը արգելում է դիվանագետներին զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Աշխատանքից զրկված դիվանագետների համոզմամբ, սակայն, իրենք հայտարարությունը ոչ թե քաղաքական էր, այլ քաղաքացիական:

«Մենք շարունակում ենք նշել, որ դա քաղաքացիական մոտեցում էր», -«Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց արտգործնախարարության նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը մեկն է այն չորս դիվանագետներից, ովքեր վարչական դատարանում բողոքարկում են նախարարի որոշումը: - «Մեր հայտարարության հիմնական միտքը այն է, որ մենք կոչ էինք անում կողմերին ձեռնպահ մնալ բռնության կիրառումից: Մենք հորդորում էին բոլորին գործել բացառապես օրենքի սահմանում»:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հիշեցնենք, բազմիցս ասել էր, որ «ցավով» էր ստորագրել դիվանագետներին աշխատանքից ազատելու մասին որոշումը, ինչը, սակայն, արել էր իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո: Իսկ վերջիններիս պնդմամբ, դիվանագետների հայտարարությունը հակասում է «Դիվանագիտության մասին» օրենքին:

Հայաստանի արտգործնախարարությունից տեղեկացրին, որ իրենց փաստարկները կներկայացնեն դատական նիստի ժամանակ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG