Մատչելիության հղումներ

«Պիցցա դի Ռոմա»-ի աշխատակցուհու պնդմամբ` իրեն ներկայացված մեղադրանքները անհիմն են


«Պիցցա դի Ռոմա» սրճարանի աշխատակցուհի Անուշ Ղավալյանը, ով կալանավորված է սրճարանի տնօրենի դեմ հարուցված գործի շրջանակներում, պնդում է, որ իրեն ներկայացված չարաշահումների մեղադրանքները անհիմն են:

«Ինձ ոնց որ գրավ պահեն. ասում են` «թող գումարները բերեն մուծեն, եւ քեզ ազատ կարձակենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող Ղավալյանը` հայտնելով, որ այդ պահանջը ներկայացնողը քննիչն է, իսկ թե ո՞վ եւ որքա՞ն գումար պետք է բերի` տեղյակ չէ:

Գումարի չափը, որը մեկ տարվա ընթացքում յուրացնելու համար մեղադրվում է Անուշ Ղավալյանը, մոտ 78 միլիոն դրամ է, ժամանակաշրջանը` 2006 թվականի երկրորդ կեսից մինչեւ 2007-ի առաջին կեսը:

«Պնդում եմ, որ ես մատուցողուհի եմ աշխատել: Նրանք հաշվի չեն առնում, պարզապես հիմնվում են, որ գրանցված եմ գանձապահ, եւ անօրինականորեն ինձ կալանավայրում են պահում», - հայտարարեց Ղավալյանը` հավելելով. - «Ինձ այստեղ պահելու ոչ մի հիմք չունեն: Ես ոչ մի խախտում չեմ արել, որպեսզի հայտնվեի այստեղ»:

36-ամյա Անուշ Ղավալյանը ունի ուսանող դուստր եւ 15-ամյա որդի, խնամքի տակ է նաեւ մայրը: 11 տարի առաջ այրիացել է:

Նախորդ տարվա հոկտեմբերին, երբ ձերբակալվեց «Պիցցա դի Ռոմա»-ի տնօրեն Գեւորգ Սաֆարյանը, Ղավալյանը գործով որպես վկա էր անցնում: Մարտի 21-ին նա նույնպես ձերբակալվեց, ապա մեղադրվեց Քրեական օրենսգրքի 205 հոդվածի երկրորդ մասով` «հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելու» համար:

«Ես ասացի` քանի որ չեմ տեսել, ես նման ձեւ չեմ աշխատել, դուք չեք կարող ինձ ստիպել, որ գրեմ: Սկսեցին համոզել, թե «եթե գրես, մեր ուզած ճիշտ ցուցմունքը տաս»... Ես ասում էի` «ո՞րն է այդ ճիշտ ցուցմունքը»: Ասում էին` «այն, որ գումարը տվել ես Գեւորգին»: Ասում էի` «Գեւորգը ինձ անգամ հրաման չի տվել, որ ես այդպես աշխատեմ, ես ո՞նց գրեմ ձեր ուզած ցուցմունքը»: Ասում է` «եթե չես տվել, ուրեմն տարել ես տուն»: Չտվեցի իրենց ուզած ցուցմունքը, եւ վայրկենական փոխելով վկայից որպես մեղադրյալ` ինձ կալանավորեց եւ տարավ նախնական կալանքի խուց», - պատմեց Ղավալյանը:

Սկզբում դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել 20-օրյա կալանքը, ապա` մեկամսյա, որի ժամկետը լրանում է մայիսի 10-ին: Գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է:

Ղավալյանի փաստաբան Դիանա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Պետք է գոնե ունենաս հիմնավոր կասկած, որ տվյալ անձը կատարել է այդ հանցագործությունը: Մեր պարագայում ընդհանրապես քննիչը որեւէ հիմնավոր կասկածի վերաբերյալ որեւէ ապացույց չի ներկայացրել: Բացի այդ, մենք դատարանին եւ քննիչին, վարույթն իրականացնող մարմնին բազմիցս հայտարարել ենք, ներկայացրել ենք ե’ւ հայտարարություններ, ե’ւ տեղեկանքներ, որ Անուշ Ղավալյանը փաստացի աշխատում է մատուցողուհի, այսինքն` այն արարքը, որը վերագրում են, Անուշ Ղավալյանը չէր կարող անել: Մատուցողը երբեք չի կարող ՀԴՄ [հսկիչ դրամարկղային մեքենա] տպել կամ չտպել, դա իր պարտականությունների մեջ չի մտնում: Բայց այս փաստի առթիվ ե’ւ դատարանը, ե’ւ վարույթն իրականացնող մարմինը աչքերը փակում են»:

Քննիչ Արշակ Գասպարյանը հրաժարվեց տվյալ գործի վերաբերյալ հարցազրույցից:

Երեկ դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է «Պիցցա դի Ռոմա»-ի տնօրեն Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը:

«Պիցցա դի Ռոմա»-ն պատկանում է գործարար պատգամավոր, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայումս հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG