Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենի, ֆրանսիացի պաշտոնյաների հետ


Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի օրը հանդիպել է ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի եւ ֆրանսիացի պաշտոնյաների հետ:

Կոիշիրո Մացուրայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի եւ ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջեւ 2008-2009 թվականների համագործակցության ազգային ծրագրավորման փաստաթղթի շրջանակներում նախատեսված կրթության, մշակույթի եւ տեղեկատվության ու հեռահաղորդակցության ոլորտներում կոնկրետ գործողությունների հետ կապված հարցեր:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «Էդվարդ Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության գործում ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջնորդությունն ու աջակցությունն ապահովելու անհրաժեշտության վրա` մասնավորապես խորը մտահոգություն հայտնելով Նախիջեւանում Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի միտումնավոր ոչնչացման փաստի կապակցությամբ եւ կրկին անգամ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ջուղայի հայկական հուշարձանների դեմ մշակութային ահաբեկչությունը դատապարտելու նպատակով»:

ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նախարարին խնդրել է իր շնորհավորանքները եւ հաջողության մաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահին:

Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական գլխավոր խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արտաքին եւ ներքին ոլորտներում Հայաստանի նոր ղեկավարության ծրագրերը, Հայաստանի մոտեցումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Նույն օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ:

Առանձին ուղղություններով միջկառավարական շփումների ընդլայնման եւ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության էլ ավելի խորացման հարցեր են քննարկվել Ֆրանսիայի պետական ծառայության հարցով պետքարտուղար Անդրե Սանտինիի հետ:

Այսօր նախատեսված է Էդվարդ Նալբանդյանը հանդիպումը Ֆրանսիայի իշխող «Հանուն ժողովրդային շարժման» (UMP) կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանի հետ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG