Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը կարծիք է հայտնում. - «Եթե վարչախումբը անկեղծ է ճգնաժամը հաղթահարելու մասին իր ճամարտակությունների մեջ, պետք է րոպե առաջ փոխել բոլոր կալանված քաղաքական գործիչների խափանման միջոցները՝ առնվազն: Այսինքն՝ այդ մարդիկ վաղուց պետք է լինեին ազատության մեջ: Եվ Սերժ Սարգսյանը պետք է իմանա, որ այդ մարդկանց հետապնդման, կալանքի ամեն ժամը ավելի է մեծացնում հավանականությունը, որ ինքն ու իր վարչախումբը կմնան «անհասկացողության պատի» փլատակների տակ, որը ժողովուրդը կքանդի առանց իշխանության օգնության եւ ի հեճուկս նրա»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը կարծիք է հայտնում. - «Տեր-Պետրոսյանը, անէությունից երկրորդ անգամ հառնելով, կարողացավ անել գրեթե անհնարինը. 350 հազար մարդու համոզել, որ հենց ինքն է այն եզակի «փրկիչմենը», որին ի վերուստ վերապահված է կերտել Հայաստանի լուսավոր ապագան։ Հետո առանց աչք թարթելու լայնածավալ հարձակման անցավ ընդդեմ «ավազակապետության պարագլուխների»՝ նախագահ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի։ Որոնց աններելի հանցանքը, պարզվեց, ղարաբաղցի լինելը եւ անցած 10 տարիներին Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումների չգնալն էր։ «Խփիր, որ չխփեն» մեկնակետից էլ աշխարհի բոլոր «հհշների» նախագահը հարաճուն ագրեսիվությամբ չարության եւ ատելության նախընտրական, ապա հետընտրական տոնահանդեսներ սարքեց Թատերական հրապարակում, որոնք մարտի 1-ին սահուն կերպով վերաճեցին մետաղաձողերով հեղաշրջման փորձի։ Որի պատասխանատվությունը, դարձյալ առանց աչքը թարթելու, իշխանությունների ուսերին բարդեց»։

Անդրադառնալով վերջին օրերի կադրային փոփոխություններին, «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Կադրային փոփոխությունները միայն մի բան են նշանակում. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տեղերը փոխել են: Ու բնականաբար, ամեն մեկն «իր կադրերին» հետը տանում է: Դա կլինի վարորդ, քարտուղարուհի, թե «գորշ կարդինալ»՝ էական չէ: Փաստորեն, ամեն ինչ հասկանալի է՝ բացի Տիգրան Սարգսյանի վարչապետությունից: Բայց այս քայլը նույնպես իր բացատրությունն ունի: Տիգրան Սարգսյանը ըստ էության ոչ թե վարչապետ է, այլ «վարչապետի տեղապահ»՝ բառիս բուն իմաստով: Հարսանիքներում կամ գյուղական կլուբներում էլ է այդպես. երբ մեկը ստիպված է լինում կարճ ժամանակով դուրս գալ, մի երեխայի է նստեցնում իր տեղն ու հանձնարարում՝ «բալիկ ջան, տեղս պահի, հեսա գալիս եմ»: Ընդ որում մեծահասակին այդպիսի հանձնարարություն տալ չի կարելի, որովհետեւ նա կարող է որոշակի ամբիցիաներ ունենալ ու հետագայում դժկամությամբ զիջել տեղը: Դրա համար էլ «վարչապետի տեղապահի» դերը Հովիկ Աբրահամյանին կամ Արմեն Գեւորգյանին չի հանձնարարվել»:

«Ազգ»-ի փոխանցմամբ` վերջին մի քանի տարվա մեջ առաջին անգամ մայրաքաղաքում փետրվարի համեմատ բնակարանների միջին գները նվազել են 0,2 տոկոսով: «Սովորաբար վերջին 4 տարիներին միջին ամսական գնաճն այստեղ կազմում էր 1-3 տոկոս», - գրում է թերթի մեկնաբանը` եզրակացնելով. - «Ակնհայտ է, որ նախագահական ընտրություններին հաջորդած, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ին հրահրած անկարգություններն ազդել են ապակայունացման դեպքում ամենազգայուն` անշարժ գույքի շուկայի վրա»:

«Հայք»-ը գրում է. - «Օդանավակայանի աշխատակիցները վկայում են, որ իրենք աշխատում են աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Ցավոք, պատճառը զբոսաշրջիկների հոսքը չէ, այլ Հայաստանից հեռացողների մեծ թիվը: «Երբեք մարտին կամ ապրիլին նման մեծ արտահոսք չկար: Գնացողները խոստովանում են, որ մեկնում են ընդմիշտ», - մեր թղթակցին հայտնեց օդանավակայանի աշխատակիցներից մեկը: Մեր դիտարկումները եւս ցույց են տալիս, որ կտրուկ աճել է Հայաստանից մեկնողների կամ մեկնել պատրաստվողների թիվը: Փողոցում, սրճարաններում, երթուղային տաքսիներում կարելի է լսել, որ այսինչը արդեն գնացել է, այսինչն էլ պատրաստվում է գնալ: Փետրվարի 19-ը եւ մարտի 1-ը ծանր հարված հասցրեց ՀՀ քաղաքացիներից շատերին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG