Մատչելիության հղումներ

Երեւանում այսօր ռուսաստանյան «Ատոմռեդմեդզոլոտո» բաց բաժնետիրական ընկերության եւ Հայաստանի բնապահպանության նախարարության միջեւ կնքվեց պայմանագիր ուրանի հանքավայրերի երկրաբանական որոնման եւ հետախուզման աշխատանքներով զբաղվող հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ:

Առաջիկա 3 ամիսների ընթացքում ստեղծվելիք համատեղ փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվելու է, ապա դրան տրվելու է Հայաստանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա:

Բուն հետախուզական աշխատանքները իրականացվելու են Սյունիքի մարզում եւ սկսվելու են սեպտեմբեր ամսից: Նախատեսվում է դրանք ավարտել մեկուկես տարվա ընթացքում:

«Շատ կարեւոր պայմանագիր է սա, եւ բավականին մեծ ճանապարհ ենք անցել այս օրվան հասնելու համար», - ստորագրված փաստաթուղթը բնութագրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Առաջին տարվա ընթացքում ռուսական կողմը, որը տիրապետում է 300 բաժնետոմսերից 150-ին, նախատեսում է կատարել մոտ 3 միլիոն դոլարի ներդրում:

«Հետագայում, եթե աշխատանքները ընթանան նախատեսված հունով, եւ ակնկալիքները արդարանան, ապա ներդրումները տասնյակ միլիոնավոր դոլարների կհասնեն», - ասաց «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը:

Նա շեշտեց, որ ռուսական փայաբաժինը մեծացնելու մտադրություն չունեն, եւ համատեղ ձեռնարկությունը մնալու է 50/50 հարաբերակցությամբ:

Հայաստանում անցած դարի 70-ական թվականներին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սյունիքի մարզում կան ուրանի պաշարներ:

Համատեղ ձեռնարկության առաջին խնդիրն է հետախուզել այդ տարածքները գտնել պաշարները եւ գնահատել դրանք: Հետագայում հնարավոր է, որ ուրանի արդյունահանման աշխատանքները եւս իրականացնի այս ընկերությունը:


Շաքե Ավոյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG