Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հետայսու Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Բայց նա չի ստանա ճիշտ այն մրցանակը, որին ժամանակին արժանացել են պետական եւ քաղաքական աշխարհահռչակ այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Միխայիլ Գորբաչովը եւ Նելսոն Մանդելան. խոսքը ոչ թե Ալֆրեդ Նոբելի, այլ նրա ավագ եղբայր Լյուդվիգ Նոբելի անվան մրցանակի մասին է:

Լյուդվիգ Նոբելի մրցանակը, որը սահմանել են Ռուսաստանի անվանի գործարարները եւ արվեստագետները, շնորհվում է «Ռուսաստանին մատուցած ծառայության համար»:

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը վկայակոչել է Լյուդվիգ Նոբելի մրցանակաբաշխության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Լուկոշկովին, ով ասել է, թե «նախկին նախագահ Բորիս Ելցինի օրոք երկրում քաոս էր եւ ապօրինություն»:

«Մեկը պետք է իր վրա վերցներ պատասխանատվությունը եւ վերջ տար սպանություններին ու ավազակությանը: Պուտինն այդ պատասխանատվությունը 8 տարով էր ստանձնել», - ասել է Լուկոշկովը եւ հավելել. - «Նա շատ շոյված է այս մրցանակը ստանալու առիթով, բայց կմերժի այն ստանալու համար հատուկ արարողություն կազմակերպելու առաջարկը` չգիտեմ, թե ինչու»:

Լյուդվիգ Նոբելը ծնվել է 1831 թվականին, իր կրտսեր եղբոր՝ Ալֆրեդի հետ Բաքվում ղեկավարել է «Բրանոբել» նավթային ընկերությունը: Կյանքի մեծ մասը նա անցկացրել է Ռուսաստանում եւ ի վերջո դարձել այդ պետության հպատակ: Մահացել է 1888 թվականին: Նրա մահվանից տարիներ անց ցարական Ռուսաստանի Տեխնոլոգիայի ընկերությունը սահմանել է Լյուդվիգ Նոբելի անվան մրցանակը: Որոշ պատմաբանների պնդմամբ` հենց այդ հանգամանքն է նրա կրտսեր եղբորը՝ Ալֆրեդին շուրջ տասը տարի անց դրդել ստեղծելու իր անվան մրցանակը:

Բոլշեւիկյան հեղափոխությունից հետո Լյուդվիգ Նոբելի մրցանակը չեղյալ է հայտարարվել: Սակայն մի խումբ ռուսաստանցի գործարարներ բոլորովին վերջերս որոշել են այն վերականգնել:

«Այս մրցանակը տրվում է անվանի մարդկանց, նրանց, ովքեր իրենց կյանքի ընթացքում ջանք են գործադրել Ռուսաստանն ավելի լավ երկիր դարձնելու համար», - ասել է Եվգենի Լուկոշկովը:

Մայիսի 7-ին Ռուսաստանում տեղի կունենա նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երդման արարողությունը: 55-ամյա Պուտինը համաձայնել է Մեդվեդեւի նախագահության օրոք ստանձնել Ռուսաստանի վարչապետի պաշտոնը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG