Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակները չեն միացել հայաստանցի խորհրդարանականի նախաձեռնությանը


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` անցած շաբաթ տեղի ունեցած նստաշրջանում Հայաստանի պատվիրակության ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ավետ Ադոնցը տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ բանաձեւի նախագիծ է ներկայացրել, որը չեն ստորագրել Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ավետ Ադոնցը, նախագծում շեշտվում էր «տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը այն շրջաններում, որտեղ կա լարվածություն, որտեղ կան հակամարտություններ, դրա կարեւորությունը հակամարտությունների կարգավորման գործում»:

«Առաջարկում էի, որպեսզի ձեւերը գտնվեն, որպեսզի Եվրոպան լինի ավելի պրակտիկ, ավելի կոնստրուկտիվ, որովհետեւ տարածաշրջանային համագործակցությունը, գոնե Հարավային Կովկասի տարածաշրջանում, ձախողվում է, բոլոր եվրոպական նախաձեռնությունները` TRASECA, INOGATE, մի պարզ պատճառով` որովհետեւ Ադրբեջանը չի ուզում համագործակցել», - ասաց պատգամավորը:

Նախագիծը ստորագրել են Վեհաժողովի մոտ 50 անդամներ` շուրջ երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ, եւ այն, ըստ Ադոնցի, ամենայն հավանականությամբ, քննարկման կդրվի Վեհաժողովի հաջորդ նստաշրջանում:

«Թուրքիայի պատվիրակությունը եւ Ադրբեջանի պատվիրակությունը մերժեցին ստորագրել, չնայած ես փորձեցի դնել այնպիսի մի տեքստ, որտեղ չկար նշված ոչ Հարավային Կովկաս, ոչ Ադրբեջան, ոչ Թուրքիա եւ ոչ էլ Ղարաբաղ», - ընդգծեց Ավետ Ադոնցը` եզրակացնելով. - «Սա եւս մի անգամ ցույց է տալիս, թե որքան կոնստրուկտիվ են մեր հարեւանները»:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG