Մատչելիության հղումներ

Խազար Իբրահիմ. «Հարավային Կովկասում չորրորդ պետությունը տեղ չունի»


«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում կա երեք պետություն, եւ չորրորդը այստեղ տեղ չունի», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Խազար Իբրահիմը:

Մեկնաբանելով Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` անցած շաբաթավերջին Ստեփանակերտ կատարած այցը, Իբրահիմը ափսոսանք է հայտնել, որ «Հայաստանի կառավարությունը, այդ թվում եւ արտգործնախարարության նոր ղեկավարը, չեն հեռացել հին կարծրատիպերից եւ կրկնում են հին սխալները»:

Նրա համոզմամբ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ռազմական ծախսերի մասին: Սակայն Ադրբեջանը ոչ ոքի չի խնդրել միջամտել իր ներքին գործերին: Հայաստանի ղեկավարությունը ավելի լավ կաներ, եթե զբաղվեր իր գործերով, իսկ ամենակարեւորը` դուրս բերեր իր օկուպացիոն զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հակառակ դեպքում, կարող են սպառվել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղիները», - ասել է Իբրահիմը:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` արտգործնախարարության խոսնակը պնդել է նաեւ, թե երկու երկրներում մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի համեմատ ռազմական ծախսերի վերլուծության դեպքում կպարզվի, որ Հայաստանը ավելի ռազմականացված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG