Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր այցելել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Նշելով, որ հանգամանքների բերումով չի կարողացել մասնակցել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, Արամ Առաջին կաթողիկոսը հայտնել է, որ Հայաստան է ժամանել նախագահ Սարգսյանին անձնապես շնորհավորելու եւ իր զորակցությունը հայտնելու նպատակով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ամենայն Հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ այսօր որդեգրած ընթացքը որոշ ժամանակ անց տալու է իր արդյունքը, եւ մարդիկ տեսնելու են, որ հստակ քայլեր են ձեռնարկվում` կառուցելու բոլորի ցանկությունների ու սպասումների հայրենիքը:

Սերժ Սարգսյանի խոսքերով, թիկունքում ունենալով զույգ կաթողիկոսների զորակցությունը` կարելի է շատ բան անել եւ շատ մեծ արդյունքների հասնել: Նա բարձր է գնահատել եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում եւ ընդգծել, որ ազգային եկեղեցին պետք է շարունակի մնալ հայոց ոգու եւ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը: Նախագահը վստահեցրել է, որ պետությունը հետայսու եւս զորակցելու է Հայ առաքելական եկեղեցու ամրապնդմանը:

Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները վստահություն են հայտնել, որ Սերժ Սարգսյանը մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կշարունակի ծառայել հայրենիքի ու հայ ժողովրդի ընդհանրական ու գերագույն շահերին: Նրանք պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի օժանդակել եւ զորավիգ լինել բոլոր այն բարի մտածումների իրականացմանը, որ ունի նախագահը երկիրն առաջ տանելու գործում:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG