Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է բարելավե՞լ Վրաստանի հետ հարաբերությունները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթավերջին կառավարությանը հանձնարարել է բանակցություններ սկսել վրացական ապրանքների ներկրումը ռուսական շուկա թույլատրելու եւ Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի սահմանափակումները վերացնելու ուղղությամբ:

«Առաջիկա օրերին վերականգնվելու է երկու երկրների միջեւ փոստային կապը: Հանձնարարված է քայլեր ձեռնարկել այցագրային ռեժիմի սահմանափակումները վերացնելու ուղղությամբ: Բացի այդ` կառավարությանը հանձնարարված է արագացնել Վրաստանին սահմանակից Վերին Լարսի անցակետի վերակառուցումը եւ սկսել երկկողմ փորձագիտական խորհրդակցությունները` վրացական ապրանքը ռուսական շուկա ներկրելու խնդիրների շուրջ», - տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Միխայիլ Կամինինը:

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում ասված է, որ «խոսքը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մարդկանց ազատ տեղաշարժին եւ ժողովուրդների միջեւ համագործակցությանը խոչընդոտող սահմանափակումների վերացմանն ուղղված մեր հետեւողական գծի շարունակման մասին է»: Ըստ արտգործնախարարության, Ռուսաստանը ձգտում է վերականգնել ավանդական բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի հետ:

Վրացական ապրանքների ներկրումը Ռուսաստան, ինչպես նաեւ փոստային եւ տրանսպորտային կապերը սահմանափակված են արդեն շուրջ երկու տարի` երկու երկրների միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով:

Պաշտոնական Թբիլիսին, սակայն, համոզված է, որ Ռուսաստանը անկեղծ չէ, եւ հարաբերությունները բարելավելու մտադրության մասին հավաստիացումները պարզապես Արեւմուտքին «մոլորության մեջ գցելու» նպատակ են հետապնդում:

«Lավ առեւտրային հարաբերությունները, տրանպորտի եւ կապի բնագավառներում համագործակցությունը Վրաստանը ողջունում է: Սակայն այն պայմաններում, երբ նախորդ որոշմամբ ռուսաստանյան իշխանությունները փաստացի անեքսիայի ենթարկեցին Վրաստանի տարածքի մեկ երրորդը, Վրաստանի մնացած մասի հետ համագործակցությունը խնդիրները չի լուծի», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բաքրաձեն` Վրաստանի ամերիկացի եւ վվրոպացի դաշնակիցներին կոչ անելով «մոլորության մեջ չընկնել»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 16-ին հանձնարարել էր կառավարությանը միջոցներ ձեռնարկել «Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչներին առարկայական օգնություն տրամադրելու եւ այդ երկրամասերի փաստացի կառավարությունների հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ», ինչին հաջորդեց Վրաստանի եւ Արեւմուտքի կոշտ արձագանքը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG