Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր կքննարկի եւ կգնահատի` ինչ բարեփոխումներ են իրականացվել Թուրքիայում անցած մեկ տարվա ընթացքում եւ ինչ քայլեր դեռ պետք է իրականացվեն Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ: Զեկույցի նախագծում եվրոպացի խորհրդարանականները ավելի քան 40 պահանջ ու հորդոր են ուղղում պաշտոնական Անկարային, որոնցից միայն մեկն է վերաբերում Հայաստանին:

«Միջազգային հարաբերություններ» բաժնում, մասնավորապես, Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը վերացնել տնտեսական շրջափակումը եւ բացել սահմանը Հայաստանի հետ, ինչպես նաեւ «վերստին կոչ է անում Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին հաշտեցման գործընթաց սկսել` հարգելով անցյալն ու ներկան, ինչպես նաեւ բաց ու անկեղծ բանավեճ վարել անցյալի իրադարձությունների շուրջ»:

Միեւնույն ժամանակ, զեկույցը կոչ է անում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբին միջնորդել կողմերի միջեւ բանակցային գործընթացին:

«Զեկույցը չի դատապարտում Անկարային Հայաստանը շրջափակելու համար եւ խուսափում է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանը` կարծիք հայտնելով, թե փաստաթուղթը խիստ մեղմ գնահատականներ է տալիս Թուրքիայի արձանագրած բացթողումներին. - «Ընդհանրապես, ընդհանուր մտայնությունը այն է, որ Թուրքիան արդեն մեծ արգելքների է հանդիպում իր անդամակցության ճանապարհին, եւ պետք չէ նրան հավելյալ ծանրաբեռնել, պետք չէ հավելյալ պահանջներ դնել` գործը ավելի դժվարացնելով»:

Որպես առաջնահերթություն` զեկույցը կոչ է անում Թուրքիայի կառավարությանն ու խորհրդարանին ավարտին հասցնել նախկինում խոստացած բարեփոխումները Քրեական օրենսգրքի 301 հոդվածի շուրջ:

Ափսոսանք արտահայտելով այն փաստի կապակցությամբ, որ պաշտոնական Անկարան որեւէ առաջընթաց չի արձանագրել խոսքի ազատության ոլորտում, եւ 2007 թվականին ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք դատական հետապնդումների են ենթարկվել իրենց տեսակետները արտահայտելու համար, զեկույցը ընդգծում է. - «Անհրաժեշտ է անհապաղ բարեփոխել թուրքերի ինքնությունը վիրավորելու համար պատիժ սահմանող օրենքը եւ լիովին երաշխավորել տեսակետների ու կարծիքների ազատությունը»:

«Եվրոպացի պատգամավորները նաեւ 200-ից ավելի լրացումներ ու բարեփոխումներ են առաջարկել, որոնց շարքում կան նաեւ Հայկական հարցին վերաբերող դրույթներ», - հայտնեց Հիլդա Չոբոյանը:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հավանության արժանանալուց հետո փաստաթուղթը քվեարկության է դրվելու խորհրդարանի մայիսի 19-22-ը կայանալիք լիագումար նիստում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG