Մատչելիության հղումներ

Էլսի Հասթինգս. «Հայաստանին անհրաժեշտ են իշխանութան եւ ժողովրդի կողմից իրագործված բարեփոխումներ»


Միացյալ Նահանգների կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Էլսի Հասթինգսը երեկ, ամփոփելով Հայաստանում հետընտրական իրավիճակին նվիրված լսումները, ասել է, որ
Հայաստանում անհրաժեշտ են բարեփոխումներ, սակայն դրանք ոչ թե ԱՄՆ-ի կոնգրեսից կամ միջազգային որեւէ այլ կառուցից պետք է իրագործվեն, այլ ներսից` Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի կողմից:

«Եվ այդ դեպքում մեզ համար շատ ավելի հեշտ կլինի նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական աճին եւ այլ խնդիրներին` եթե իմանանք, որ պաշտպանվում են մարդու իրավունքները, քաղաքացիական ազատությունները ու խոսքի ազատությունը», - հավելել է Հասթինգսը:

Երբ հանձնաժողովի նիստում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ իր խոսքն ավարտեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան, Հասթինգսը հետաքրքրվեց, թե արդյոք նախագահ Բուշը շնորհավորել է Հայաստանի նորընտիր նախագահին: «Ոչ», - պատասխանեց Բրայզան:

Կոնգրեսականի հաջորդ հարցին` «Իսկ պատրաստվո՞ւմ է», Բրայզան պատասխանեց. - «Դա, անշուշտ, մի հարց է, որին կարող է նախագահ Բուշը պատասխանել: Ես տեղեկություններ չունեմ` արդյոք նա պատրաստվում է, թե ոչ, սակայն Սպիտակ տան իմ գործընկերներից հավաստիացումներ եմ ստացել, որ նրանք, ինչպես եւ մենք բոլորս, կիսում են Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ էական քայլեր տեսնելու եւ ժողովրդավարության պահը վերականգնելու ցանկությունը»:

Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Քարդինը իր ելույթում ընդգծեց. - «Հիմնարար իրավունքների սահմանափակումները չեն կարող հանդուրժվել: Եվ մենք պետք է որպես բարեկամներ հստակ ասեք, որ տեսնում ենք իրողություններ, որոնք մեր համոզմամբ սխալ են: Եվ այդ դիրքորոշումը պետք է արտահայտենք հնարավոր ամենակոշտ ձեւով` Հայաստանում մարդկանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար»:

Ելույթներով հանդես եկան նաեւ Հայաստանի նախագահի եւ նախագահի նախկին թեկնածու, նախկին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները:

Անդրադառնալով ցույցեր, հավաքներ ու երթեր անցկացնելու մասին օրենքին` նախագահի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց, թե այժմ այդ խնդրի շուրջ քննարկումներ են անցկացվում եվրոպական կառույցների հետ:

«Եթե փորձագետները իրենց զեկույցում նշեն, որ այդ բարեփոխումները անհրաժեշտ են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանելու համար, ապա, անկասկած, օրենքը արագորեն կվերանայվի», - խոստացավ կառավարության ներկայացուցիչը:

Հասարակության մեջ առկա բաժանումը հաղթահարելու համար, ըստ Վիգեն Սարգսյանի, Հայաստանի իշխանություններն առաջարկում են «ոչ կուսակցական-քաղաքական հետաքննություն իրականացնել ստեղծված իրավիճակի շուրջ` հիմնական հետաքննությանը զուգահեռ». - «Դա գուցե լինի խորհրդարանական չեզոք հանձնաժողովի ձեւաչափով: Այդուամենայնիվ, քանի որ Տեր-Պետրոսյանը ներկայացված չէ խորհրդարանում, մենք մտածում ենք այն կազմակերպել ավելի ընդարձակ ձեւաչափով, որպեսզի նրանք եւս կարողանան մասնակցել ու նպաստել այդ հետաքննությանը»:

«Նախագահ Սարգսյանը, այժմ էլ պատրաստ է աշխատել Lեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական աջակիցների հետ, բայց արդյունավետ լինելու համար դա պետք է լինի առանց նախապայմանների, շանտաժի, անձնական վիրավորանքների», - ասաց Վիգեն Սարգսյանը:

Բոլորովին այլ էին, սակայն, արդյունավետ երկխոսություն ծավալելու համար անհրաժեշտ նախապայմանները` ըստ Lեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի:

«Նրանք պետք է հաշտվեն այն գաղափարի հետ, որ այդ բանակցությունների նպատակը, այսպես թե այնպես, լինելու է ներկա ավազակապետական համակարգի ապամոնտաժումը, հակառակ դեպքում այդ բանակցությունները նպատակ չեն ունենա», - ասաց Գրիգորյանը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG