Մատչելիության հղումներ

Կարինե Խոդիկյան. «Մարտի 1-ի դեպքերը որոշիչ դարձան հրաժարականիս համար»


Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ երեկ Կարինե Խոդիկյանն ազատվել է մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից: 4 տարուց ավելի մշակույթի փոխնախարար աշխատած Կարինե Խոդիկյանը «Մաքս Լիբերթի»-ին պատմեց, որ ապրիլի 11-ին հրաժարականի դիմում է ներակայացրել նախարարին: Մինչ այդ նա եղել է արձակուրդում, սակայն պնդում է, որ իրեն ճանաչողներն արդեն գիտեին, որ նա արձակուրդից չի վերադառնալու:

Մարտի 3-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչություն պետ Հրանուշ Խառատյանը: 3 օր անց նա ազատվել էր պաշտոնից:

Երկու կին պաշտոնյաների պաշտոնաթող լինելու պատմությունները նման են այնքանով, որ երկուսի դեպքում էլ եղել է հրաժարականի դիմում, սակայն կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ իբրեւ աշխատանքից ազատելու հիմք դա չի ներկայացվել, ավելին՝ երկու դեպքում էլ կառավարությունը որեւէ մեկնաբանություն չի արել. կանայք պարզապես ազատվել են աշխատանքից:

«Չեմ կարող մեկնաբանել, ենթադրում եմ՝ ինձ իմ դիմումի համաձայն են ազատել», - «Մաքս Լիբերթի»-ին փոխանցեց Հրանուշ Խառատյանը:

Կարինե Խոդիկյանը «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մարդկային հրաշալի հարաբերություններ է ունեցել նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, տարաձայնություններ չեն եղել, համագործակցությունն էլ գնահատում է արդյունավետ: Ըստ արդեն նախկին փոխնախարարի՝ Հասմիկ Պողոսյանը, լսելով իր բացատրությունը, հասկացել է իրեն եւ հրաժարականի դիմումը ուղարկել կառավարություն, որը սակայն իբրեւ ազատման հիմք դա չի նշում:

«Ես իմ քայլն իբրեւ քաղաքացի եւ գրող արել եմ եւ բավարարված եմ: Թե ինչպես կմեկնաբանեն, իմ խնդիրը չէ. ինձ ճանաչողներն առանց այդ մեկնաբանության էլ գիտեն՝ ինչ է կատարվել», - ասաց Խոդիկյանը:

Հրանուշ Խառատյանի գնահատմամբ՝ նախագահական ընտրություններից հետո փողոցում մարդիկ ոչ թե անձի ընտրության հարցն էին վիճարկում, այլ ուզում էին ասել, որ ստորակարգված են, իրենց իրավունքները ոտնահարված են: «Մարդիկ արժանապատվության համար էին պայքարում: Հրապարակի հետ երկխոսության փորձ չի եղել, միայն հայտարարել են, որ պատրաստ են երկխոսության: Իրականում եղել է ճնշելու եւ լռեցնելու քայլ: Ես չէի կարող դեպքերի ընթացքին ազդել, բայց չեմ կարող նաեւ աշխատել այդ կառավարության հետ», - ասաց Հրանուշ Խառատյանը:

«Մարտի 1-ի դեպքերը որոշիչ դարձան հրաժարականիս համար: Այդ ժամանակը եւ տարածքը, որտեղ ես գտնվում էի, արդեն իմը չէին», - ասաց Կարինե Խոդիկյանը:

Երկու պաշտոնաթող կանայք էլ մտադիր են առայժմ միայն ստեղծագործական գործունեությամբ զբաղվել. Հրանուշ Խառատյանն այս տարի 3 գիրք է հրատարակելու, իսկ Կարինե Խոդիկյանը՝ նոր պիես:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG