Մատչելիության հղումներ

Ազատ է արձակվել Սուրեն Սուրենյանցը


Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել փոխել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցի խափանման միջոցը` կալանքը փոխարինվել է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Սուրենյանցի խափանման միջոցը փոխելու մասին Հատուկ քննչական ծառայությանը գրավոր ցուցում է տվել Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Աղվան Հովսեփյանը դա արել է` հաշվի առնելով Սուրենյանցի առողջական վիճակը եւ այն հանգամանքը, որ, իր կարծիքով, Սուրենյանցը չի թաքնվի քննչական մարմիններից:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ Սուրենյանցը անցկացրեց 52 օր, նրան ազատ են արձակել անցած կեսգիշերին մոտ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սուրենյանցը իր նկատմամբ խափանման միջոցը փոխելը պայմանավորեց «միջազգային արձագանքով» եւ «պատգամավորների միջնորդությամբ»:

«Միջազգային կառույցների բավականին համարժեք գնահատականները Հայաստանում ստեղծված իրավիճակին` եւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի երեկվա բանաձեւ նկատի ունեմ, եւ Միացյալ Նահանգների [Կոնգրեսի] Հելսինկյան հանձնաժողովում քննարկումները: Եվ երկրորդը, ինձ համար համապատասխան միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ` Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը եւ մյուսները»:

Սուրեն Սուրենյանցը ասաց, որ ակնկալում է, որ մյուս կալանավորվածների նկատմամբ կիրառված խափանման միջոցը նույնպես կփոխվի:

«Այն մարդիկ, ովքեր քաղաքական դրդապատճառով են ձերբակալվել, պետք է ազատ արձակվեն: Այնուամենայնիվ կսահմանազատեմ այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են գողություն կամ այլ բաներ անելու համար», - հավելեց նա:

«Երբ երկրում կա քաղկալանավոր եւ երկրում կան հանրահավաքների անցկացման արգելքներ, դա խոսում է իշխանության թուլության մասին: Եթե պետությունը իր մասով վերացնի մարտի 1-ի հետեւանքները, այն է` ազատ արձակի քաղկալանավորներին եւ վերանայի վերջին փոփոխությունները հանրահավաքների մասին օրենքում, նա կարող է դրանով իսկ քաղաքական հարթակ ստեղծել ընդդիմության հետ որոշակի խնդիրների շուրջ երկխոսություն սկսելու: Եթե չարեց այդ քայլերը, ուղղակի այս լարվածությունը պահպանվելու է», - ասաց Սուրեն Սուրենյանցը:

Նա կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը «որոշ դեպքերում գործել է ոչ համարժեք», «որոշ դեպքերում ապավինել է ռեսուրսների, որոնք ըստ էության կարող է գոյություն չունենային». - «Իհարկե, եղել են տակտիկական սխալներ, բայց մեծ հաշվով ընդդիմությունը, կարծում եմ, հասարակության հետ անկեղծ է եղել: Հասարակությունը այնքան միամիտ չպետք է լինի, որ կարծի, որ մեր տիպի երկրներում ռեժիմը մեկ հարվածից կարող է հեռանալ»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամին ներկայացված մեղադրանքը հետեւյալն է` «իշխանության յուրացում» եւ «բռնությամբ ուղեկցված զանգվածային միջոցառում կազմակերպելը»: Սուրենյանցը ասաց, որ ցուցմունք տվել է միայն մեկ անգամ եւ ասել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը:


Աստղիկ Բեդեւյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG