Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը փոխանցում է. - «Երեկ մարտի 1-ից հետո առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվել է հասարակական վայրում: Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Պանթեոն, ծաղիկներ դրել Կարեն Դեմիրճյանի շիրիմին եւ իր ցավակցությունը հայտնել Դեմիրճյանների ընտանիքի անդամներին: Հայաստանի համաժողովրդական շարժման առաջնորդի այցը Պանթեոն, սակայն, անաղմուկ չի անցել: ՀՀ քաղաքացիները, ովքեր նույնպես այցելել են Կարեն Դեմիրճյանի շիրիմին, առաջին նախագահին դիմավորել եւ ճանապարհել են «Լեւոն, նախագահ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումներով»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Նախորդ երեք օրերի ստրասբուրգյան քննարկումների, ինչպես նաեւ Կոլոմբիեի եւ Պրեսկոտի զեկույցների բովանդակությունը կասկած չի թողնում, որ` ա/ ԵԽԽՎ-ի բանաձեւից դժգոհ կմնան Հայաստանում թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը եւ բ/ երկու կողմերի քարոզչությունը կընդգծի փաստաթղթերի այն կետերը, որոնք իրենց են ձեռնտու: Ընդդիմությունը ուրախությամբ կարձագանքի, որ բանաձեւում կոչ է արված ազատ արձակել կալանավորված կամ ձերբակալված բոլոր քաղաքական գործիչներին, կազմակերպել մարտի 1-ի դեպքերի անկախ քննություն, փոխել ցույցերն ու երթերն արգելող օրենքը եւ այլն: Իշխանությունն էլ իր հերթին կշեշտի, որ բանաձեւում կոչ է արվում ընդդիմությանը` ճանաչել նախագահական ընտրությունները հաստատող Սահմանադրական դատարանի որոշումը: Վստահաբար կարելի է ասել նաեւ, որ կողմերը չեն հետեւելու ԵԽԽՎ-ի հանձնարարականներին»:

«Չորրորդ իշխանություն»-ը նկատում է. - «Շատերին է ձեռնտու «քաղաքական պայքար» անվանել այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին եւ հատկապես վերջին ամիսներին: Բայց սա դասական իմաստով քաղաքական պայքար չէ. այսինքն` սա այն դեպքը չէ, երբ քաղաքական ուժերն իրար դեմ պայքարում են հանուն իշխանության: Եթե այդպես լիներ, ընտրությունների հենց հաջորդ օրը իրավիճակը կհանդարտվեր, կողմերը կշնորհավորեին միմյանց եւ կպատրաստվեին հաջորդ ընտրություններին: Իրականությունն այն է, որ Հայաստանում, որպես կանոն, իշխանությունները քաղաքական պայքարի (ընտրությունների) արդյունքում չեն ձեւավորվում: Մեզ մոտ հակառակն է տեղի ունենում. սկզբում ինչ-որ մեկը որեւէ ձեւով վերցնում է իշխանությունը, հետո այդ իշխանությունն ամրագրում է ընտրությունների միջոցով»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչության գծով առաջին զինակիցը «բացահայտեց» շեֆի առաքելությունը, մեջբերելով թեւավոր արտահայտությունը, որ վերջինս երկնել էր Թատերական հրապարակում. - «Եթե կուզեք, պետությունից էլ բարձր է մարդը եւ նրա ազատությունը»: Ի՞նչ ասել է ազատություն` ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր թիմակիցների, կարծում ենք, պետք չէ բացատրել: Համենայն դեպս հիշեցնենք. դա «մեր դեմ խաղ չկա»-ն է` ամենաթողությունը եւ յուրայինների անսահմանափակ ազատությունը` խախտելու օրենքները եւ սահմանադրությունը, բռնանալու, ստելու, հայհոյելու եւ պիտակավորելու ընդդիմախոսներին: Նաեւ` խեղդելու եւ օրենքից դուրս հայտարարելու ցանկացած այլընտրանքային դրսեւորում, ապօրինաբար փակելու անհաճո թերթերը եւ կուսակցությունները»:

«Հայք»-ը մեջբերում է կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որը, ըստ թերթի, «կարող է շոկի մեջ գցել կոալիցիոն գործընկերներին». - «Նա ասել է, որ բոլորի աշխատանքային սեղանին պետք է դրված լինեն Սերժ Սարգսյանի կառավարության գործունեության ու նախընտրական ծրագրերը, եւ հորդորել է առաջնորդվել բացառապես դրանցով: Ոչ մի խոսք կոալիցիոն հուշագրի մասին: Նա հավանաբար մոռացել է, որ կոալիցիոն կառավարություն է ղեկավարում: Ամեն ինչ գնում է նրան, որ առաջիկայում Ազգային ժողով է ներկայացվելու այն նույն ծրագիրը, որը Սերժ Սարգսյանը ներկայացրել էր 2007 թվականին: Հավանականությունը, որ դրանում որեւէ որակական փոփոխություն կատարվի, համարյա զրո է: Իսկ սա վկայում է այն մասին, որ կոալիցիան ձեւական բնույթ է կրում: Չնայած առանց այդ էլ դա ակնհայտ է»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG