Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը շեշտակի փոփոխության չի ենթարկվելու»


Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը շեշտակի փոփոխության չի ենթարկվելու: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հիշեցնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը նույնը հայտարարել է անցյալ շաբաթ Հայաստանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանի հետ մեր առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը բոլոր ուղղություններով կշարունակվի ամրապնդվել, հիմնվելով մեր ժողովուրդների ավանդական կապերի վրա: Հայաստանը հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը եւ համագործակցության սերտացմանը: Հայաստանը կշարունակի եվրոպական ընտանիքին մերձենալու իր հետեւողական քայլերը` հենվելով եվրոպական կառույցների եւ կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում մեր վրա վերցված պարտավորությունների եւ այն ընդհանուր արժեքների վրա, որոնք մենք կիսում ենք», - ասել է արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` «Հայաստանը կարեւորում է կապերն այն անմիջական հարեւան պետությունների հետ, որոնց հետ գործընկերությունը կրում է բարեկամական բնույթ, եւ պատրաստ է ամեն ջանք գործադրելու` բարելավելու հարաբերություններն այն հարեւանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ»:

Ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանի առաջնայնություններից է, նախարարը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու առկա գործընթացը` լուծումը գտնելու համար. - «Սակայն միայն մեր պատրաստակամությունը բավարար չէ: Այդ լուծումը գտնելու համար անհրաժեշտ է նաեւ Անդրբեջանի պատրաստակամությունը: Ես կցանկանայի հավատալ, որ Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ միասին մենք կցուցաբերենք պատասխանատու մոտեցում, մի կողմ դնելով մամուլի եւ հայտարարությունների միջոցով խոսելը եւ հրապարակայնորեն միմյանց դասեր եւ խորհուրդներ տալը: Անհնար է փոխզիջման կոչեր անել եւ միաժամանակ հայտարարել, որ լուծումը կլինի միայն մի կողմի օգտին, խոսել կոնստրուկտիվիզմի մասին եւ դրա հետ մեկտեղ հնչեցնել ռազմատենչ հայտարարություններ եւ բացեիբաց պատերազմի պատրաստվել»:

«Բանակցությունների առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ այն պետք է լուծվի խաղաղ գործընթացի արդյունքում` պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն կտա ազատ արտահայտելու իր կամքը, ինչն էլ բանակցային այս փուլի էությունն է», - հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը` կարծիք հայտնելով, որ «լուծման հնարավորությունն այսօր առկա է, եւ քաղաքական կամքի դրսեւորման դեպքում մենք կկարողանանք հասնել դրան»:

Հայ - թուրքական հարաբերությունների ներկա վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանը ասել է. - «Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում մենք բազմիցս արտահայտել ենք առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մեր պատրաստակամությունը: Ցեղասպանությունը մեր ընդհանուր պատմության սեւ էջն է, եւ մենք պետք է միասին շրջենք այդ էջը, միասին կառուցենք մեր ապահով ապագան»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG