Մատչելիության հղումներ

Երեւանից արձագանքում են ԵԽԽՎ-ի բանաձեւին


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին» բանաձեւը այնքան էլ կոշտ չէ, «սակայն դա այդքան էլ էական չէ, նույնիսկ` երկրորդական հարց է»:
«Նույնիսկ այն բանաձեւի շրջանակում, այն որոշումը, որը կայացվել է, նույնիսկ եթե այդ քայլերը կատարվեն, իրականում արդեն հնարավորություն կլինի, որ մենք արդեն այլ գործողություններով, երկխոսության միջոցով փորձենք նաեւ մնացած քայլերը կատարել», - պարզաբանեց պատգամավորը:

«Այնուամենայնիվ, գտնում եմ, անկախ բանաձեւի խիստ կամ ավելի զուսպ լինելուց` կարեւոր է, թե մենք ինչպիսի հետեւություններ ինքներս` անկախ եվրոպացիներից կամ այլ միջազգային սուբյեկտներից, մենք ինչ հետեւություն ենք անելու, եւ ըստ դրա արդեն շարժվենք», - ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, Մարտիրոսյանի խոսքերով, «ցանկացած իշխանություն, որը ունի պետական մտածողության որոշակի ռեսուրս, անպայման պետք է այնպես իր հետագա գործողությունները պլանավորի, որ երբեւէ Հայաստանը նմանատիպ գնահատականի այլեւս չարժանանա»:

ԵԽԽՎ-ի ընդունած փաստաթղթի առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի առաջին տպավորությունը, իր իսկ խոսքերով, հետեւյալն է. - «Հայտարարությունը բավականաչափ խիստ է, բայց ոչ չարությամբ լի: Ես կարծում եմ, որ, իհարկե, այնտեղ սկզբունքային պահանջները ենթական են կատարման, եւ ես կարծում եմ, որ առաջին հերթին Հայաստանին է պետք դրա կատարումը: Ես կարծում եմ, որ մենք այս երեք ամսվա ընթացքում գտնելու ենք հնարավորություններ, մանավանդ որ ամենասկզբունքային հարցերի կապակցությամբ, որպիսիներից մեկը խաղաղ ցույցերի, երթերի մասին օրենքի լրամշակման, փոփոխման խնդիրն է, մենք արդեն սկզբունքային համաձայնություններ ունենք Վենետիկյան հանձնաժողովի հետ: Մյուս հարցերում, կարծում եմ, քաղաքական կամքի դրսեւորում նույնպես լինելու է»:

«Ամեն դեպքում, մենք կոալիցիայի ներսում տանելու ենք այն քաղաքականությունը, որ ազգային միասնության եւ քաղաքացիական համերաշխության ոգին Հայաստանում վերականգնվի, եւ դա դառնա գերիշխող», - վստահեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, Եվրախորհրդի ներկայացրած պահանջները համահունչ են ընդդիմության պահանջներին. - «Իշխանությունը պետք է գիտակցի, որ երկրում առկա է լուրջ ճգնաժամ, առկա է լուրջ դիմակայություն եւ իրական քայլեր պետք է կատարի լարվածությունը մեղմացնելու համար»:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի կարծիքով, մինչդեռ, իշխանությունները բարեփոխումների անհրաժեշտությունը գիտակցում էին առանց արտաքին գործոնի ազդեցության. - «Նոր շեշտադրումներ այդ բանաձեւում չկան… Այն ամենը, ինչ տեղ է գտել ԵԽԽՎ-ի բանաձեւում, արդեն իրենց կարեւորությամբ տեղ գտել էին Հայաստանի Հանրապետության իշխանության օրակարգում մինչեւ վեհաժողովում քննարկվելը»:



Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG