Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում կբացվի Հայաստանի եւ Ղարաբաղի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը


Ստեփանակերտում այսօր կբացվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ այլ պատգամավորներ երեկ Շուշիում դիմավորել են Հայաստանի պատվիրակությանը, որը գլխավորում է Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը եւ որի կազմում են Լարիսա Ալավերդյանը` «Ժառանգություն» խմբակցությունից, Արտաշես Ավոյանը` «Օրինաց երկիր»-ից, Լիլիթ Գալստյանը` Դաշնակցությունից, Արեգ Ղուկասյանը` Հանրապետականից եւ Էռնեստ Սողոմոնյանը` «Բարգավաճ Հայաստան»-ից:

Այսօր նախատեսված է Տիգրան Թորոսյանի հանդիպումը Արցախի պետհամալսարանի ուսանողության հետ, որից հետո կսկսվի նիստը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության եւ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, նիստի օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա միտումները եւ խորհրդարանական դիվանագիտության խնդիրները, եվրոպական ինտեգրացիայի հետ կապված ծրագրերի հեռանկարները, քաղաքացիության եւ երկքաղաքացիության օրենսդրական սկզբունքները եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական իրավիճակի զարգացման հեռանկարները, այլ հարցեր:

Հարցին, թե ինչո՞ւ է հիմա երկքաղաքացիության հարցը այդքան հրատապ դարձել, Թովմասյանը պատասխանեց. - «1995 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, կա համապատասխան օրենք քաղաքացիության մասին, որտեղ նաեւ նշվում են կրկնակի քաղաքացիության սկզբունքները»:

Նա հաստատեց, որ կան Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ, որոնք այդ օրենքի ընդունումից հետո ընդունել են նաեւ այլ երկրի քաղաքացիություն. - «Վտանգավոր բան չեմ տեսնում, քանի որ եւ սփյուռքահայերի, եւ Լեռնային Ղարաբաղի հայերի, եւ Հայաստանի Հանրապետության հայերի հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այսօր երկօրյա այցով Ստեփանակերտ է մեկնում նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախատեսված են նախարարի հանդիպումները Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ իր պաշտոնակից Գեորգի Պետրոսյանի հետ:


Ռուզան Խաչատրյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG