Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզա. «Մենք շարունակում ենք խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների քայլերը»


«Մենք շարունակում ենք խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով», - հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում երեկ կազմակերպված լսումների ժամանակ:

«Մարտի 1-ից հետո տեղի ունեցան ընդդիմադիր գործիչների զանգվածային ձերբակալություններ, շատերը դեռ բանտում են մեղադրանքներով, որոնք թվում է, թե քաղաքական միտում ունեն», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Որպես Հայաստանից ստացված լավ լուր ու առաջընթաց ներկայացնելով այն փաստը, որ 20 օր հետո արտակարգ դրությունը վերացվել է, լրատվամիջոցների ազատությունները հիմնականում վերականգնվել են, զինվորականների թիվը` պակասել, Մեթյու Բրայզան, միաժամանակ, ընդգծել է. - «Այդուամենայնիվ, մենք շարունակում ենք երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքը դիտարկել որպես սահմանափակող: Ցավոք, տեսնում ենք, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում ընդդիմադիր լրատվամիջոցներում, ինչը վերջինների կողմից դիտարկվում է որպես հետապնդում: Բացի այդ, վերջին շաբաթներին նաեւ որոշ անհավատալի բաներ տեսանք Երեւանում... Մի խումբ մարդիկ հավաքվում էին, իրականում ոչ մի բան չէին անում, խոսում էին իրար հետ, լուռ ցույց էին անում եւ արդյունքում` ձերբակալվում ոստիկանության կողմից»:

Ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու համար Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնականը առանձնացրել է մի քանի կարեւոր խնդիր. - «Առաջինը` հստակ պետք է լինի, թե որքան խստորեն է Միացյալ Նահանգները դատապարտում մարտիմեկյան բռնությունները, անկախ այն հանգամանքից` ում կողմից են դրանք իրականացվել: Այժմ շատ դժվար է ասել` ով է սկսել դրանք, սակայն, միեւնույն ժամանակ, նման իրավիճակներում կատարվածի պատասխանատվությունն ընկնում է ընտրված կառավարության վրա»:

«Անհրաժեշտ է անկողմնակալ հետաքննության անցկացնել եւ պատժել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են այդ բռնություններում, անկախ այն հանգամանքից` ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության ներկայացուցիչ են», - ասել է Մեթյու Բրայզան:

«Մենք հույս ունենք, որ բոլոր հիմնարար իրավունքները կվերականգնվեն` թե օրենսդրորեն, թե գործնականում, կհետաքննվեն եւ պատժի կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր խախտել են ընտրական օրենսգիրքը: Ինչպես նաեւ շատ մեծ հույս ունենք տեսնել ազգային երկխոսություն` ընդդիմության, իշխանությունների, քաղաքացիական հասարակության միջեւ, որը կուրվագծի նոր ընտրական բարեփոխումները, կերաշխավորի, մի կողմից, ազատ հավաքներ ացկացնելու իրավունքը, մյուս կողմից` դրանք խաղաղ կազմակերպելու պարտականությունը», - նշել է ամերիկացի դիվանագետը:

«Հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները կվերականգնեն ժողովրդավարության պահը», - ասել է փոխպետքարտուղարի օգնականը` ընդգծելով. - «Ցույցերի վրա դրված արգելանքը չի մեղմի զայրացած մարդկանց վրդովմունքը, ընդդիմադիր ձայները լռեցնելը չի հանգեցնի տեսակետների մերձեցման, ժողովրդավարական ինստիտուտների խաթարումը չի բերի կայունության»:

Ամերիկացի դիվանագետը նախազգուշացրել է, որ եթե պաշտոնական Երեւանը չկատարի Վաշինգտոնի պահանջները, ամենայն հավանականությամբ, կդադարեցվի «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան կորպորացիայի ծրագրի շրջանակներում համագործակցությունը Հայաստանի հետ:

Մեթյու Բրայզան, ով նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ է, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` ասելով, թե «ամենամոտ ապագայում» հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Նա կոնկրետ ժամկետ չի նշել` ասելով, որ այդ հանդիպման կազմակերպումը կարող է պահանջել «ամիսների աշխատանք»: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որոնք պիտի նախապատրաստեն նախագահների բանակցությունները, կարող է կայանալ մոտավորապես մեկ ամիս հետո:

Բրայզան վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Lեռնային Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG