Մատչելիության հղումներ

logo-print
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում երեկ քվեարկությամբ ընդունվեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» բանաձեւը` 93 կողմ, 8-ական դեմ եւ ձեռնպահ ձայներով:

Թեեւ հայաստանյան պատվիրակությունը 36 փոփոխությունների առաջարկներ էր ներկայացրել, բանաձեւի ընդհանուր բովանդակությունը չփոխվեց:

Համաձայն ընդունված բանաձեւի, «հրատապորեն անհրաժեշտ բարեփոխումներով առաջ շարժվելու հնարավորություն տվող միակ ուղին քաղաքական ուժերի միջեւ բաց եւ կառուցողական երկխոսությունն է»:

Խորհրդարանականները նշել են մի շարք պայմաններ երկխոսությունը սկսելու համար: Մասնավորապես` անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարձությունների (որոնց զոհ են գնացել 10 եւ վիրավորվել 200 հոգի) վերաբերյալ անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց եւ անհապաղ վերացնել եւ ուժը կորցրած համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված փոփոխությունները:

Եթե այս պայմանները չապահովվեն եւ վերոնշյալ բարեփոխումների վերաբերյալ բաց երկխոսություն լրջորեն չծավալվի` «Հայաստանի վստահելիությունը որպես Եվրոպայի խորհրդի անդամ կասկածի տակ կհայտնվի»:

«Վեհաժողովը, հետեւաբար, պետք է 2008 թվականի հունիսյան նստաշրջանի բացման ժամանակ դիտարկի Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքները կասեցնելու հնարավորությունը, եթե մինչ այդ վերոնշյալ պահանջների ուղղությամբ ձեռք բերված չլինի զգալի առաջընթաց», - եզրափակում է բանաձեւը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ողջամիտ» որակեց բանաձեւը եւ ասաց, որ այն պետք է անմիջապես դառնա գործողության ծրագիր Հայաստանի համար:

«Ես համարում եմ շատ բալանսավորված, շատ անկեղծ զեկույց», - ասաց Հարությունյանը: - «Թեեւ դեռեւս կարող եմ որոշ դրույթների հետ այդ զեկույցի չհամաձայնել, դա ոչ մի իրական նշանակություն չպետք է ունենա: Մենք պետք է քաջ գիտակցենք, թե ինչի մասին է այս զեկույցը` Հայաստանում ժողովրդավարության մասին: Մենք պետք է անհապաղ սկսենք քայլերը դեպի հասարակության ժողովրդավարացումը, դեպի երկրի ժողովրդավարացումը»:

Հարցին, թե պատրա՞ստ է Հայաստանը միջազգային փորձագետների օժանդակությամբ պարզել, թե ինչ է կատարվել մարտի 1-ին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Իմ խորին համոզմամբ, Հայաստանը դա պետք է անի: Եվ ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը, կոալիցիոն ուժերը պետք է, հասկանալով բուն խնդիրը, գտնեն լուծումներ»:

Հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ բանաձեւում «ենթադրյալ քաղաքական բանտարկյալներ» արտահայտությունը փոխարինվեց «քաղաքական դրդապատճառներով կամ կեղծ հոդվածներով ձերբակալվածներ» արտահայտությամբ: Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Եվրախորհուրդը միայն իր փորձագետների միջոցով համապատասխան ուսումնասիրություններ անելուց հետո կարող է ասել, թե կան Հայաստանում քաղբանտարկյալներ, թե ոչ:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG