Մատչելիության հղումներ

logo-print

Կալանավորվածների կանայք ցույցեր անցկացրին Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի եւ Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ


Իրենց ամուսիններին քաղբանտարկյալներ համարող մի քանի տասնյակ կանայք այսօր կրկին բողոքի ցույց էին կազմակերպել Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի մոտ` պահանջելով ազատ արձակել բոլոր հետընտրական շրջանում կալանավորվածներին:

Իրենց բողոքի ակցիաները ցուցարարները սկսել էին շաբաթասկզբին Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի մոտ, եւ հետագա օրերին շարունակել Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատների մոտ:

Կալանավորվածների կանայք ցանկանում էին հանդիպել Եվրախորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Բոյանա Ուռումովայի հետ` կալանավորվածներին ազատ արձակելու պահանջով եւ մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների անկախ հետաքննության ակնկալիքով իրենց նամակը անհապաղ Ստրասբուրգ ուղարկելու խնդրանքով:

Հանդիպումը Ուռումովայի հետ չկայացավ, սակայն գրասենյակի աշխատակիցներից մեկը խոստացավ հենց այսօր ուղարկել նամակը:

Ավելի ուշ ցուցարարները գնացին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ նամակ փոխանցեցին Կոնգրեսի Հելսինկյան հանձնախմբում այսօր սպասվող Հայաստանի վերաբերյալ լսումներին ընդառաջ:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի տիկինը` Մելիսա Բրաունը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ցուցարարներից ոմանց ընդունել է եւ նրանց հետ զրուցել է ամերիկացի դիվանագետներից մեկը: Զրույցում հիմնականում արծարծվել է կալանավորվածների առողջական վիճակը:

Ամերիկացի դիվանագետը խոստացել է կանանց հանձնած նամակը փոխանցել Վաշինգտոն` լսումներին մասնակցող Մեթյու Բրայզային:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG