Մատչելիության հղումներ

Գյումրիում գործող ԳԱԼԱ հեռուստակայանը այսօր մնում է եթերում, սակայն պարզ չէ, թե որքան կտեւի հեռարձակումը:

Երեկ հեռուստակայանը հոսանքազրկվել էր, ինչի արդյունքում որոշ ժամանակ հաղորդումները չէին հեռարձակվում: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, կատարելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի եւ Վերաքննիչ դատարանի վճիռները, սկսել էին ապամոնտաժել քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակի վրա տեղադրված ԳԱԼԱ-ի անտենան:

Հեռուստաընկերության ղեկավարությունը զգուշացրել էր, որ անտենայի ապամոնտաժումը կարող է վնասակար լինել առողջության համար՝ դրանով պետք է զբաղվեն մասնագետները: Ծառայության աշխատակիցները հեռուստակայանի ղեկավարության հետ բանակցելուց հետո դադարեցրել են ապամոնտաժումը:

Հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը պարտավորագիր է ստորագրել, որ հեռուստաաշտարակի վրայից սարքավորումները կապամոնտաժվեն 10-օրյա ժամկետում:

Այսօր ԳԱԼԱ հեռուստակայան է այցելել Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը:

«Այն, որ ԳԱLԱ հեռուստաընկերության պրոբլեմները սկսվեցին անմիջապես այն բանից հետո, երբ որոշ քաղաքական գործիչների կարծիքներ հնչեցին եթերից, կասկած է առաջացնում, որ սա ավելի շուտ քաղաքական դաշտին է վերաբերում, քան հարկային խնդիրներին», - ավելի ուշ Գյուրիում լրագրողներին ասաց Փենինգտոնը` հույս հայտնելով, որ ծագած իրավական հարցերը կլուծվեն, եւ ԳԱLԱ-ն կմնա եթերում: - «ԳԱLԱ-ն փակելը կամ ստիպելը, որ այն փակվի, չի նվազեցնի առկա քաղաքական լարվածությունը»:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG