Մատչելիության հղումներ

Թիվ 13 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման


Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի այսօր տարածած հաղորդագրության համաձայն, դատարանը Մկրտումյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 150 հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ` «ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»:

Սեյրան Մկրտումյանի դեմ քրեական գործը հարուցվել էր թիվ 13 ընտրատարածքի թիվ 10 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ: Համաձայն գլխավոր դատախազության` ավելի վաղ տարածած հաղորդագրության, գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ փետրվարի 23-ին թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Հայաստանի նախագահի թեկնածուների վստահված անձանց, լրատվամիջոցների ներկայացուցիչների, միջազգային դիտորդի, ինչպես նաեւ թիվ 13/10 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ կատարված քվեարկության արդյունքների վերահաշվարկի ընթացքում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների ծրարում հայտնաբերվել է Լեւոն Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 151 քվեաթերթիկ: Սեյրան Մկրտումյանը, արձանագրված անճշտությունը թաքցնելու նպատակով, կեղծել է վերահաշվարկի արդյունքները՝ հանձնաժողովի անդամներից եւ դիտորդներից թաքցրել է Տեր-Պետրոսյանին կողմ քվեարկված 146 քվեաթերթիկների պարունակությամբ ծրարը, իսկ վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հաստատել է՝ չմտցնելով թաքցրած ծրարում առկա 146 քվեաթերթիկների վերաբերյալ տվյալները:

Քրեական օրենսգրքի 150 հոդվածով նախատեսվում է 3-ից մինչեւ 5 տարվա ազատազրկում: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, Սեյրան Մկրտումյանի նկատմամբ կիրառվել է Քրեական օրենսգրքի 64 հոդվածը, որը թույլ է տալիս նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG