Մատչելիության հղումներ

Ղազախստանը սահմանափակում է հացահատիկի արտահանումը


Ղազախստանի կառավարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբերի սկիզբը ստիպված է լինելու սահմանափակել հացահատիկի արտահանումը երկրից:

«Կամ ստիպված ենք լինելու մաքսատուրք սահմանել ցորենի արտահանման համար, կամ էլ ընդհանրապես արգելելու ենք արտահանումը», - հայտարարել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը` այդ քայլը բացատրելով ներքին շուկայում դեֆիցիտից խուսափելու անհրաժեշտությամբ:

Ղազախստանյան ցորենի հիմնական սպառողները միջինասիական հանրապետություններն են, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանի ներքին շուկայում ղազախստանյան հացահատիկի ծավալը կազմում է մոտ 15 տոկոս:

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներից Մամեդ Հուսեյնովը պնդում է, որ Ադրբեջանի տնտեսությունն ի վիճակի է դուրս գալ ստեղծված կացությունից:

«Հացամթերքի դեֆիցիտը Ադրբեջանին չի սպառնում: Հուլիսից կսկսենք հավաքել հացահատիկի տեղական բերքը, նաեւ հույս ունենք, որ ղազախստանցի գործարարները արդեն կնքված համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները կկատարեն` մոտ 250 հազար տոննա ցորեն մատակարարելով Ադրբեջանին», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

Վերլուծաբանների կարծիքով` հացահատիկի շուկայում ծագած այս ճգնաժամը օրեցօր ավելի է խորանում: Արգենտինան արդեն իսկ արգելել է ցորենի արտահանումը, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան որոշել են լրջորեն սահմանափակել արտահանման ծավալները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG