Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը միջազգային հանրությանը կոչ է արել նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Lուկաշենկոյի վարչակազմի դեմ:

Վեհաժողովի նստաշրջանում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունած բանաձեւում Բելառուսին կոչ է արվում Քրեական օրենսգրքից հանել մահապատիժ սահմանող հոդվածը, ինչպես նաեւ այն հոդվածները, որոնց կամայական կիրառմամբ քրեականացվում են ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների խաղաղ գործողությունները:

Բելառուսի քրեական արդարադատության համակարգում տեղ գտած չարաշահումների վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձեւը ընդունվել է երեքշաբթի օրը` Վեհաժողովի մարդու իրավունքների եւ իրավական հարցերով հանձնաժողովի զեկուցող Խրիստոս Պուրգուրիդեսի հաշվետվության հրապարակումից հետո:

Պուրգուրիդեսը վկայակոչել է, մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչների անհետ կորելու, ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործադրման, ոչ կառավարական կազմակերպությունների օրինական գործողությունների քրեականացման, Lուկաշենկոյի քաղաքական հակառակորդների նկատմամբ մտացածին մեղադրանքների եւ անարդար դատական գործընթացների հարուցման փաստերը: Նա հիշատակել է նաեւ վերջին իրադարձությունները` այս տարվա մարտի 25-ին Մինսկում խաղաղ հանրահավաքը բռնությամբ ցրելը, շուրջ 100 հոգու բերման ենթարկելն ու ձերբակալելը:

«Որպես Եվրոպայի խորհուրդ` մեր պարտականությունն է աջակցել ընդդիմությանն ու քաղաքացիական հանրությանը այն երկրներում, ուր գերիշխում է բռնապետությունը», - նշել է զեկուցողը` հավելելով. - «Եվրախորհուրդը կվարկաբեկի իրեն, եթե երկխոսություն սկսի պաշտոնական Մինսկի հետ այն դեպքում, երբ Բելառուսի իշխանությունները ոտնահարում են մարդու իրավունքները եւ չեն կատարում Միավորված Եվրոպայի հիմնական պահանջները»:

Մինսկում, սակայն, ԵԽԽՎ-ի բանաձեւը որակել են «ոչ արդյունավետ»: Բելառուսի արտգործնախարարության խոսնակ Անդրեյ Պոպովը լրագրողներին ասել է, թե ընդունված բանաձեւը հիմնված է խեղաթյուրված փաստերի վրա:

«Պուրգուրիդեսի ներկայացրած զեկույցը հիմնված է մակերեսային, միակողմանի վերլուծության, խեղաթյուրված եւ չճշտված տվյալների վրա եւ չի արտացոլում Բելառուսի դատական համակարգում տիրող իրական վիճակը», - հայտարարել է Պոպովը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG