Մատչելիության հղումներ

Դատարանը Lեւոն Գուլյանի իրավահաջորդների հայցը կքննի ապրիլի 18-ին


Ինչպես երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Lեւոն Գուլյանի իրավահաջորդների փաստաբանների բողոքի քննությունը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ապրիլի 18-ին:

Անցած տարվա մայիսի 12-ին որպես վկա ոստիկանություն հրավիրված եւ այնտեղ մահացած Lեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը ավելի վաղ կարճվել էր` հանցակազմի բացակայության հիմնավորմամբ: Տուժողների իրավահաջորդները բողոքարկում են գործը կարճելու մասին որոշումը:

Ավետիք Իշխանյանը չորեքշաբթի օրը մեկ անգամ էլ հայտարարեց, որ կատարվածը գնահատում է սպանություն. - «Փաստը այն է, որ Lեւոն Գուլյանը տարվել է ոստիկանական բաժանմունք, եւ այնտեղից դուրս է եկել նրա դիակը: Ըստ պաշտոնական վարկածի, երկրորդ հարկից փորձել է փախչել եւ ընկել է... Ես դա գնահատում եմ որպես ոստիկանական բաժանմունքում կատարված սպանություն»:

Տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան Հրայր Ղուկասյանը ասաց, որ նախաքննությունն ընթացել էր իրավախախտումներով, եւ ներկայացրեց դրանք` հավելելով. - «Խախտվել են նաեւ մեր պետության միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները: Խոսքը Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի մասին է»:

Փաստաբանը հավաստիացրեց, որ Գուլյանի հարազատները պատրաստվում են պայքարել մինչեւ վերջ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG