Մատչելիության հղումներ

Կոնդոլիզա Ռայս. «Ղարաբաղյան խնդիրը կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ ասել է, որ Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»:

«Մինսկի խմբի դիվանագետները որոշ դեպքերում մոտ էին համաձայության հասնելուն», - Թուրք-ամերիկյան խորհրդի նիստում ունեցած իր ելույթում ասել է Ռայսը` նշելով. -
«ժամանակն է, որ կողմերը դժվարին որոշումներ ընդունեն հակամարտության վերջնական լուծման համար»:

«Դա պետք է արվի: Ես երկու կողմին էլ պարզաբանել եմ` եւ Հայաստանի կառավարությանը, եւ Ադրբեջանի կառավարությունը, որ նրանք հետ են մնում տարածաշրջանում, որովհետեւ չեն լուծում այս հակամարտությունը: Դա կարելի է անել, եթե քաղաքական կամք կա: Եվ դա պետք է արվի», - եզրափակել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Երեկ պետքարտուղարությունը նաեւ է «Միացյալ Նահանգներն ու Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը» վերնագրով փաստաթուղթ է տարածել, որում նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակում է ակտիվորեն ներգրավված մնալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

«Միացյալ Նահանգները չի ճանաչում Lեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն եւ դրա ղեկավարությունը չի ճանաչվում ինչպես միջազգայնորեն, այնպես էլ Միացյալ Նահանգների կողմից: Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գտնում է, որ Lեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների խնդիր է, որի նպատակն է հակամարտության տեւական ու համընդհանուր քաղաքական լուծումը», - ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Lեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելուն` Մինսկի խմբի գործընթացի միջոցով:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG