Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկելու իրավունքը կարող է դադարեցվել


Վաղը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու Մոնիտորինգի հանձնաժողովի կազմած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցը, որի նախագիծը նախատեսում է նաեւ վեհաժողովում հայաստանյան պատվիրակության քվեարկելու իրավունքի դադարեցման հնարավորությունը:

«Գուցեեւ Հայաստանում ստեղծված իրավիճակը, որը հետեւեց նախագահական ընտրություններին եւ հանգեցրեց մարտի 1-ի ողբերգական դեպքերին, անսպասելի էր, սակայն Մոնիտորինգի հանձնաժողովը կարծում է, որ այդ ճգնաժամի պատճառները խորապես կապված են երկրի առանցքային կառույցների ոչ նորմալ գործունեության հետ` ներառյալ խորհրդարանի եւ դատարանի, որոնք չկարողացան գործել ժողովրդավարական չափանիշներին եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին համաձայն», - ասված է զեկույցի նախագծում:

Մոնիտորինգի հանձնաժողովը դատապարտում է «դատական ոչ ադեկվատ վերահսկողությամբ մի շարք անձանց, այդ թվում նաեւ ընդդիմության 100-ից ավելի աջակիցների, ինչպես նաեւ խորհրդարանի 3 պատգամավորների ձերբակալությունները` նշելով. - «Թվում է, թե քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ են ներկայացված»:

Բանաձեւի նախագծի համահեղինակներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հորդորում են Հայաստանին վերջ դնել ներկա ճգնաժամին եւ առաջ շարժվել ներկայացված հրատապ բարեփոխումներով. - «Առաջինը, անհապաղ պետք է իրականացնել անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, ինչպես նաեւ` այն պատճառների, որոնք հանգեցրին այդ ամենին` ներառյալ ոստիկանության կողմից ենթադրյալ անհամաչափ ուժի կիրառումը: Երկրորդ, ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմության բոլոր կողմնակիցներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացված բոլոր մեղադրանքները պետք է հանվեն` եթե այդ մարդիկ հանցանք չեն կատարել: Ինչպես նաեւ` ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր ձերբակալվել են ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով: Երրորդ, հանրահավաքների, երթերի, ցույցերի մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք հակասում են եվրոպական չափանիշներին, պետք է անհապաղ փոխվեն»:

Նախագիծը առաջարկներ է պարունակում նաեւ հայաստանյան ընդդիմությանը: Նշվում է, մասնավորապես, որ ընդդիմությունը պետք է ընդունի նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Միաժամանակ նշվում է, որ «դա չի կարող դիտվել իբրեւ այդ որոշման բովանդակությունը ընդունելու պարտավորություն, եւ այն կարող է բողոքարկվել իրավական բոլոր ճանապարհներով, այդ թվում` դիմելով Եվրոպական դատարան»:

Եթե այս պայմանները չկատարվեն եւ Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ լուրջ երկխոսություն չսկսվի բարեփոխումների շուրջ, ապա Հայաստանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամի վստահելիությունը կդրվի կասկածի տակ: Մասնավորապես, Մոնիտորինգի հանձնաժողովի կարծիքով, «Խորհրդարանական վեհաժողովը պետք է քննարկի վեհաժողովում հայաստանյան պատվիրակության քվեարկելու իրավունքի դադարեցման հնարավորությունը հունիսյան նստաշրջանում` եթե էական առաջընթաց չգրանցվի այս պահանջների հետ կապված», - ասված զեկույցի նախագծում:

Հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ քվեարկելու իրավունքի դադարեցումը ենթադրում է հետեւյալը. - «Մենք այստեղ չենք ունենա հնարավորություն քվեարկելու, չենք ունենա հնարավորություն ելույթներ ունենալու, խորհրդակցական այսպես ասած ձայնով կարող ենք մասնակցել հանձնաժողովների աշխատանքներին եւ այլն»:

«Ըստ էության, վճռական քվեարկությունների իրավունքից զրկել է սա նշանակում: Մենք ունենք չորս այդպիսի ձայն», - ասաց Ռուստամյանը` հավելելով. - «Ես կարծում եմ, բոլոր հիմքերը կան, որ մենք կարողանանք մինչեւ հունիսյան նստաշրջանը նշանակալից քայլեր այդ ուղղությամբ իրականացնել եւ խուսափել այդ սանկցիայից»:

Հարցին, թե պատրաստ են Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց, Ռուստամյանը արձագանքեց. - «Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում չարձանագրվի որեւէ քաղբանտարկյալ: Սա ուղղակի պատիվ չի բերում որեւէ երկրի… Ես կարծում եմ, սա մեր պատվի, մեր որդեգրած ճանապարհին հավատարիմ մնալու կարեւորագույն մարտահրավեր է»:

Արմեն Ռուստամյանը ասաց, որ ձերբակալվածների թվում «քաղաքական գործիչներ, իհարկե, կան». - «Սակայն հարցը հետեւյալ է` քաղբանտարկյա՞լ են, թե՞ ոչ: Ի վերջո, հոդվածները, որոնք դրված են ոմանց վրա, խորքում քաղաքական մոտիվացիաներ ունեն»:

Հայաստանի պատվիրակության մեկ այլ անդամ` Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հայկական կողմը հանգամանորեն կուսումնասիրի եւ քայլեր կձեռնարկի այդ առաջարկները իրագործելու ուղղությամբ. - «Շատ լավ է, որ հունիսին նորից Վեհաժողովը կանդրադառնա Հայաստանի հարցին: Մինչ այդ Հայաստան կայցելեն համազեկուցողները, երեւի կգնահատեն եւ կուսումնասիրեն իրավիճակը տեղում… Նորից կմշակեն զեկույց, որում կնշեն պրոգրեսի որակը, այսքինքն` նեգատիվ կամ պոզիտիվ, որի հիման վրա էլ հունիսին նորից կքննարկվի Հայաստանի հարցը եւ ըստ դրա կորոշվի պատվիրակության քվեարկելու իրավունքների հարցը: Ես կարծում եմ եւ վստահ եմ, որ դրան [քվեարկելու իրավունքը դադարեցնելուն] գործը չի հասնի»:

Զեկույցի նախագծի վերաբերյալ հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է մի շարք առարկություններ, որոնք վաղը` մինչեւ քվեարկությունը, կքննարկվեն Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG