Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «ՄԱԿ-ի բանաձեւը պատասխանն է մեր նախահարձակ լինելուն»


Հայաստանի նախկին երկարամյա արտգործնախարար Վարդան Օսկանյանը համաձայն չէ վերջերս հնչող քննադատությանը, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը իր նախարար եղած տարիներին նախաձեռնող չէր, ինչի հետեւանք էին դիվանագիտական որոշ ձախողումներ, այդ թվում` վերջերս Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նախկին արտգործնախարարը հակադարձեց, թե խնդիրը, որ իրենք կատարել են, ճիշտ կողմնորոշվել է` արդյոք պահը հարմար է նախահարձա՞կ լինելու, թե՞ ավելի հանգիստ լինելու համար:

ՄԱԿ-ի բանաձեւը, Օսկանյանի համոզմամբ, Ադրբեջանի դիվանագիտության «տակտիկական սխալն էր, որ վաղ թե ուշ իրենց դեմ է աշխատելու», եւ դա «նշան է, որ Ադրբեջանը ոչ թե նախահարձակ է, այլ պաշտպանվում է»:

«Պաշտպանվում էր մեր հաջողության դեմ», - բացատրեց Օսկանյանը: - «Իսկ Ղարաբաղի հարցում մեր հաջողությունը եղել է այն, որ այս 15 տարիների մեջ, առաջին անգամը լինելով, ԵԱՀԿ-ի քարտուղարության մոտ տրվել է որպես ավանդապահության մի փաստաթուղթ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է Lեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքը: Ադրբեջանը պաշտպանվում է սրա դեմ, եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այդ բանաձեւը պատասխանն է մեր նախահարձակ լինելուն»:

Նրա խոսքով, այս փաստաթուղթն ամենամեծ ձեռքբերումն էր, որ հատկապես այլ հակամարտությունների հետ համեմատության մեջ, հակառակ միջազգային հոսանքի, ամրագրում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի հասնելու իր ճակատագրի ու կարգավիճակի ամրագրմանը հանրաքվեի միջոցով:

«Ես կարծում եմ, որ մենք ունենք ամուր հիմքեր բանակցություններում», - «Lեռնային Ղարաբաղը բանակցություններում լուրջ առաջընթաց է արձանագրել, շոշափելի կորուստներ չունենք: Lեռնային Ղարաբաղը պահպանում է իր տարածքային ամբողջականությունը, հարակից տարածքները դեռեւս մնում են Lեռնային Ղարաբաղի հսկողության տակ, եւ դիվանագիտական ճակատում ունենք մի փաստաթուղթ, որը ամրագրում է նաեւ իրենց ինքնորոշումը», - ասաց Վարդան Օսկանյանը` եզրակացնելով. - «Ես սա համարում եմ մեր դիվանագիտության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը»:

Խոսելով իր հետագա ծրագրերի մասին` նախկին արտգործնախարարը մեկ անգամ էլ ասաց, որ մնալու է հասարակական կյանքում:

«Ես անելիք ունեմ իսկապես Հայաստանի ներսում», - ասաց նա: - «Ես այն հազվագյուտ մարդկանցից եմ, որ զգացել եմ, թե ինչպես ներքաղաքական իրավիճակը ազդում է արտաքին հարաբերությունների վրա: Ես փորձելու եմ իմ ներդրումը բերել ներսում` մեր երկփեղկվածության վերացմանը, մեր հասարակության մերձեցմանը, ինքներս մեզ հետ ավելի համերաշխ լինելու մթնոլորտի ձեւավորմանը, ժողովրդավարության հաստատմանը, մարդու իրավունքների հարգմանը, որպեսզի իմ հետնորդը, արտաքին գործերի նախարարը կարողանա ավելի արդյունավետ աշխատել արտերկրում»:


Աննա Սաղաբալյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG