Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգ. «Միայն քննադատության համար ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն»


Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը այսօր Ստրասբուրգում հրավիրած ասուլիսում ընդգծեց, որ իրենց առաջարկություններից մեկը Հայաստանի իշխանություններին այն է, որ բոլոր նրանք, ովքեր «ազատազրկվել էին միմիայն իրենց տեսակետները հայտնելու համար, պետք է ազատ արձակվեն»:

Նրա խոսքով, Հայաստանի քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրվում են հետընտրական զարգացումների կապակցությամբ կալանավորվածներից շատերը, մեծ ռիսկեր է պարունակում այն առումով, որ մարդիկ կարող են ազատազրկվել եւ դատապարտվել սոսկ իրենց քաղաքական հայացքների համար:

«Մենք ընդգծում ենք, որ անհրաժեշտ է խուսափել այն իրավիճակներից, երբ մարդիկ դիտարկվում են որպես պետության դավաճաններ կամ նման մի բան միայն նրա համար, որ մասնակցել են հակակառավարական ցույցերին կամ քննադատական խոսքեր են հնչեցրել իշխանությունների հասցեին: Սա հիմք չէ քրեական հետապնդման համար», - ասաց նա:

«Մեր մյուս առաջարկությունը այն էր, որ անհրաժեշտ է ընտրություններից հետո կատարվածի խորը, անկախ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնել», - շարունակեց Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը` հավելելով, որ միջազգային հանրությունը չի կարող պարտադրել այդպիսի հետաքննություն. - «Մենք կարող ենք միայն առաջարկել եւ հուսալ, որ իշխանությունների արձագանքը դրական կլինի… Այդ դեպքում մենք կարող ենք տալ փորձագիտական խորհրդատվություն, թե ինչպես են անցկացվել նման իրավիճակներում հետաքննությունները այլ երկրներում»:

«Այժմ մենք սպասում ենք Հայաստանի կառավարության ավելի հստակ արձագանքին` պատրա՞ստ են այդ համագործակցությանը եւ ինչպիսի փորձագիտական խորհրդատվության կարիք ունեն այս կարեւորագույն հետաքննությունն անցկացնելու համար», - ասաց Համմարբերգը:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG