Մատչելիության հղումներ

logo-print
Ինչպես իր հրավիրած առաջին ճեպազրույցում այսօր ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մայիսի 1-ից կբարձրանա բնական գազի սակագինը. մեկ խորանարդ մետրի դիմաց ներկայիս 59 դրամի փոխարեն սպառողները ստիպված են լինելու վճարել 84 դրամ:

Կառավարությունը, ինչպես նախատեսվում էր, մայիսի 1-ից դադարեցնում է բնական գազի վարձավճարի սուբսիդավորումը:

2006 թվականի ապրիլի 1-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը սահմանին բարձրացավ` դառնալով 110 դոլար 1000 խորանարդ մետրի համար, եւ բնակչության եւ արդյունաբերության բեռը թեթեւացնելու համար կառավարությունն այն ժամանակ որոշեց սուբսիդավորում կատարել. «Հայռուսգազարդ» ընկերությանը տրամադրվեց մոտ 188 միլիոն դոլարին համարժեք դրամ` որպես սակագնի մասնակի փոխհատուցում:

Սուբսիդավորման արդյունքում սպառողները 1000 խորանարդ մետրի դիմաց 84 հազար դրամի փոխարեն վճարում էին 59 հազար դրամ: Իսկ այժմ սուբսիդավորման գումարը սպառվել է:

Վարչապետը ասաց, որ կառավարությունը միջոցառումներ է նախատեսում` մեղմելու սակագնային այդ ճնշումները:

«Գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիայի եւ գազի ծախսը կտրուկ ավելանում է հենց ձմեռային սեզոնի ընթացքում, եւ մեր նպատակն է սոցիալապես անապահով խավերին պաշտպանել սակագների բարձրացման խնդրից», - ասաց Տիգրան Սարգսյանը` շեշտելով, որ դրանք լինելու են «թիրախավորված» միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն հատկապես 130 հազար նպաստառու ընտանիքներին:

Վարչապետը բացատրեց, որ գազի գնի բարձրացումից ապահովագրված լինել հնարավոր չէ, քանի որ մատակարար երկիրը (Ռուսաստանը) որդեգրել է «շուկան ազատականացնելու հստակ քաղաքականություն». - «Փուլ առ փուլ գազի գները հասցվելու են միջազգային գներին»:

Հարցին, թե արդյոք նորանշանակ վարչապետի վարկանիշը չի տուժի նման ոչ պոպուլիստական մեկնարկից, Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Կարծում եմ, որ ավելի բացասաբար իմ վարկանիշի վրա կազդի, եթե ես չլինեմ բաց, ազնիվ եւ շիտակ: Մենք որդեգրել ենք այս քաղաքականությունը, ոչինչ չունենք թաքցնելու մեր քաղաքացիներից: Մեր մոտեցումը լինելու է այն, որ մենք ճշմարտությունը մշտապես ներկայացնելու ենք մեր քաղաքացիներին»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG