Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը ընդունեց Հայաստանին վերաբերող բանաձեւի նախագիծը


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը այսօր ընդունել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը Հայաստանի իշխանություններին հորդորում է մի շարք քայլեր կատարել երկրում իրավիճակը փոխելու ուղղությամբ:

Այդ քայլերից են. անկախ հետաքննություն իրականացնել մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ, ազատ արձակել բոլոր այն բանտարկյալներին, ովքեր հանցագործություն չեն կատարել, բարեփոխել հանրահավաքների, երթերի եւ ցույցերի անցկացման մասին օրենքը, երկխոսություն սկսել ընդդիմության հետ, մեծացնել ընդդիմության տեղն ու դերը քաղաքական գործընթացներում:

Վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բանաձեւում ներկայացված են Հայաստանում առկա բոլոր կարեւոր հարցերը` հավելելով. - «Կետ կա, որ հունիսին կանդրադառնան այս հարցին եւ կտեսնեն, թե ինչ զարգացումներ, ինչ պրոգրես է եղել այդ երեք ամսվա ընթացքում»:

Հարցին, թե պատրաստ են արդյոք հայաստանյան իշխանությունները ազատ արձակել այն մարդկանց, ովքեր իրենց քաղբանտարկյալ են համարում, Ադոնցը արձագանքեց. - «Մենք չենք ունեցել քաղբանտարկյալներ եւ չպիտի ունենանք: Բացառվում է, որպեսզի մենք ունենանք [քաղաքական] բանտարկյալներ, սակայն, եթե որեւէ անձ, որը քաղաքական դաշտում է եւ կատարել է հանցագործություն, ապա ես ավելի քան համոզված եմ, որ այդ անձը պիտի պատժվի»:

Հայաստանում քաղբանտարկյալների գոյության կապակցությամբ, նրա խոսքով, մտահոգություն կա Եվրոպայի խորհրդում. - «Բայց մենք կանենք ամենը, եւ մենք կապացուցենք, որպեսզի այդ մտահոգությունը պարզապես չլինի: Չպիտի լինեն, չեն լինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ... Եթե հանցագործություն չի կատարվել, ուրեմն բաց կթողնվեն»:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG