Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը բանակի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին:

Նախագահն ասել է, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է ավելի քան քսան տարի, եւ չի հիշում նրա կողմից որեւէ արարք, որը կարող է պատիվ չբերել սպային: Նա բարձր է գնահատել Սեյրան Օհանյանի ակտիվ մասնակցությունը բանակի կայացման ու ամրապնդման գործին:

Սերժ Սարգսյանի խոսքով, բանակը շարունակելու է մնալ պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, եւ այսօր զինված ուժերի առջեւ դրված են լուրջ խնդիրներ: Նա վստահություն է հայտնել, որ պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի նորանշանակ պետի ղեկավարությամբ պաշտպանական գերատեսչությունը հաջողությամբ կիրականացնի այդ խնդիրները, կշարունակի բանակի մարտունակության հետագա բարձրացմանն ուղղված քայլերն ու բարեփոխումների գործընթացը:

Նախագահը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Միխայիլ Հարությունյանին` այս փուլում համատեղ արդյունավետ աշխատանքի համար, եւ համոզմունք է հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքներն այսուհետ եւս կծառայեն բանակի զարգացմանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Գերագույն գլխավոր հրամանատարին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար եւ նշել, որ պաշտոնը ստանձնում է առաջին հերթին պատասխանատվության մեծ գիտակցությամբ: Նա ասել է, որ իրենց ջանքերը նպատակաուղղելու են երկրի պաշտպանունակության, անվտանգության ամրապնդմանը, բանակի մարտունակության հետագա բարձրացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG