Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. «Չեմ կարող բացառել, որ կլինեն նաեւ կոշտ դիրքորոշումներ»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ հինգշաբթի օրը Վեհաժողովում «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության իրավիճակը» հարցի քննարկման ժամանակ «կլինեն նաեւ կոշտ դիրքորոշումներ»:

«Տրամադրությունները, կարծում եմ, հստակ են` վիճակը պետք է բարելավվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը: - «Այլ հարց է, թե ինչպիսի առաջնահերթությունների հարցեր կքննարկվեն, որն է լինելու առավել առաջնահերթ եւ ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ընդհանուր առմամբ Վեհաժողովը»:

Նրա խոսքերով` «զեկույց լինելու է, զեկույցը պատրաստվում է, դեռեւս պատրաստ չէ նախագիծը, բայց դրա վրա աշխատանքները տարվում են»:

«Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է խիստ զեկույցի կամ բանաձեւի ընդունում», - այս հարցին Հայաստանի պատվիրակության ղեկավարը արձագանքեց. - «Դեռեւս հնարավոր չէ որեւէ բան բացառել, սակայն նորից ուզում եմ անդրադառնալ բուն խնդրին: Խոսքը չի վերաբերում մարտի 1-ի կամ 2-ի իրադարձություններին: Ներկայումս ժողովրդավարական ինստիտուտները ի՞նչ վիճակում են գտնվում Հայաստանում, օրինակ` հավաքների ազատության իրավունքը, զանգվածային լրատվության ազատությունը եւ այլն, դատական համակարգի անկախությունը. այս ամենը քննարկման առարկա է լինելու հինգշաբթի օրը»:

«Եվ հնարավո՞ր են արդյոք կոշտ դիրքորոշումներ` ես չեմ կարող բացառել, որ կլինեն նաեւ կոշտ դիրքորոշումներ», - ասաց Դավիթ Հարությունյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG